Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 5-ին, ժամը 20:40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մոտակայքում գտնվող «Սարի Սուրբ» մատուռ տանող ճանապարհին «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդը և 6 ուղևոր) արգելափակվել է ձյան մեջ, և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևորով) մեկնել է օգնության, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով կանգ է առել Լճաշենից մոտ 6 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լճաշեն համայնք է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գ.Գալստյանի գլխավորությամբ:
Լճաշեն համայնքում ստեղծվել է ՓԾ փրկարար ուժերի և համայնքի ղեկավարներից բաղկացած օպերատիվ շտաբ:
Ժամը 20:50-ից 23:10-ը կատարվել են կազմակերպչական աշխատանքներ, ձեռնարկվել միջոցառումներ Երևանից քարշակող տեխնիկայով (трейлер) «D-6» մակնիշի մղանը Լճաշեն համայնք տեղափոխելու համար, իրականացվել տեղանքի հետախուզություն, ճշտվել մոտեցման ուղիները, եղանակային պայմանները, քաղաքացիների գտնվելու ստույգ վայրը և, հաշվի առնելով նրանց կյանքին սպառնացող վտանգը, որոշում է կայացվել ուժեղ բքի և վատ տեսանելիության պայմաններում շարունակել որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 23:13-ին տեղեկություն է ստացվել, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուբեն Հ.), չկարողանալով հասնել երկրորդ ավտոմեքենային, հետ է վերադարձել:
Փրկարար ուժերն ու տեխնիկան տեղափոխվել են նախապես հայտարարված հավաքատեղի՝ Լճաշենի համայնքապետարան:
Ժամը 23:15-ին դեպքի վայր է մեկնել Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 00:25-ին «D-6» մակնիշի մղանով հարթած ճանապարհով Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի «BV-206» մակնիշի ամենագնացը սկսել է վերելքը դեպի «Սարի Սուրբ» կոչվող մատուռի տարածք:
Ժամը 02:24–ին նշված վայր են մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ փրկարարական ջոկատը (4 փրկարար) և տեղանքին ծանոթ 2 քաղաքացի:
Փրկարարներն արգելափակման մեջ հայտնված 7 քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Ժամը 05:09-ին փրկարարները քաղաքացիներին ամենագնաց ավտոմեքենայով անվնաս տեղափոխել են Լճաշեն համայնք. բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:
Փրկարարական միջոցառումներն ավարտվել են ժամը 06:33-ին: Փրկարարական աշխատանքները ղեկավարել է ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ.Պետրոսյանը: