««Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը կդիմի ուղիղ Եվրիմաժին». Հովհաննես Գալստյան
Advertisement 1000 x 90

««Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը կդիմի ուղիղ Եվրիմաժին». Հովհաննես Գալստյան

ԿԱՐԵՎՈՐ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը կդիմի Եվրիմաժին՝ վիճարկելով այդ կառույցում ՀՀ հարկատուների միջոցներով սեփական շահերը սպասարկող ՀՀ ներկայացուցիչների լեգիտիմության հարցը:

Եվրոպայի Խորհրդի Համատեղ ֆիլմարտադրության և վարձույթի աջակցության ԵՎՐԻՄԱԺ հիմնադրամում ՀՀ-ի ներկայացուցիչ Վրեժ Քասունուն փոխարինել է կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը: Ինչպես բնորոշ է հայկական կինոյի պետական կառվարման ոլորտին, սա արվել է ծածուկ, առանց մրցույթի, անգամ առանց կինոոլորտի մասնագետների կարծիքները հաշվի առնելու:

Ամեն տարի ՀՀ պետական բյուջեով կինոյի զարգացման համար նախատեսված գումարներից զգալի անդամավճար է փոխանցվում Եվրիմաժին, պետությունը հոգում է ՀՀ ներկայացուցիչների աշխատավարձը և հավաքներին մասնակցելու ծախսերը: Կինոյի համար նախատեսված այդ ահռելի գումարները տրամադրվում են Եվրիմաժին, ակնկալիքով, որ հայկական կինոնախագծերը առաջխաղացում կունենան Եվրոպական շուկայում:

Ուժեղ մրցակցության պայմաններում Հայաստանից ներկայացվող կինոնախագծերը հաղթելու համար պետք է ոչ միայն մրցունակ և ներկայանալի լինեն, այլև պետք է գրավիչ և հասանելի կերպով ներկայացվեն ընտրող հանձնաժողովին՝ ՀՀ երկու ներկայացուցիչների կողմից: Հետևաբար, մեր նախագծերը ներկայացնողները պետք է անկողմնակալ վերաբերմունք ունենան բոլոր կինոարտադրողների հանդեպ և բացառիկ հարգանք վայելեն:

Ցավոք, Եվրիմաժում ՀՀ ներկայացուցիչներ Սուսաննա Հարությունյանը և Մելիք Կարապետյանը հայտնի են որպես նեղ թիմային խաղացողներ և չեն վայելում կինեմատոգրաֆիական համայնքի զգալի մասի վստահությունը: Հետևաբար չեն կարող արդյունավետ պաշտպանել Հայաստանի բոլոր կինոարտադրողների շահերը Եվրիմաժում:

Կոչ եմ անում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը անհապաղ վերանայել Եվրիմաժում ՀՀ ներկայացուցիչների ընտրության կարգը, հաշվի առնելով այս խնդրով շահագրգիռ ֆիլմարտադրող ընկերությունների առաջարկները: Հակառակ պարագայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը կդիմի ուղիղ Եվրիմաժին՝ վիճարկելով այդ կառույցում հարկատուների միջոցներով սեփական շահերը պաշտպնաող ՀՀ ներկայացուցիչների լեգիտիմության հարցը:

Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր