Գագիկ Համբարյանը գրել է.
«Փետրվարի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած տրագիկոմեդիան դեռ շատ երկար ենք հիշելու… Իշխանական պատգամավորների պրիմիտիվ կեցվածքը և ագրեսիվ պահվածքն ապացուցեցին, որ Հայաստանի վարչապետը և նրա թիմն առաջնորդվում են իրավիճակային քաղաքականությամբ…
Փաշինյանի վարչակարգն ունակ չէ վարելու խորը և կշռադատված թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություն… Հենց սրանով էլ պայմանավորված էր առավոտվանից ԱԺ-ում իշխանական թիմի կողմից ստեղծված «աջապսանդալը», որն իր գագաթնակետին հասավ Փաշինյանի ջղաձգված, ագրեսիվ և սպառնալիքներով լի ելույթով ԱԺ ամբիոնից…
ԱԺ-ում տեղի ունեցած ելույթների մեջ կարմիր թելով իշխող թիմի ներկայացուցիչներն ընգծում և առաջ էին տանում ՍԴ դատավորների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախկին՝ հանցավոր իշխանություններին ծառայելու և ընտրակեղծիքները լեգիտիմացնելու թեզը…
Համաձայն կլինեի այս պնդումների հետ, եթե պարոն Փաշինյանը և նրա անգրագետ թիմակիցները, նախ լինեին արդար իրենք իրենց, իսկ հետո էլ հասարակության՝ ժողովրդի հետ, որի անունից շատ են սիրում խոսել…
Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը իրոք մտածում է, որ գործ ունի «պողոսների» հետ և բոլորը պետք է հավատան իրեն ու իր թիմակիցների պրիմիտիվ դեմագոգիային…
Առաջին հայացքից ուսումնասիրելով պարոն Փաշինյանի «լյուբիմչիկների» ցանկը կարելի է մի քանի հայտնի ընտարկեղծարարների՝ հիշել, որոնց այդ հանցագործության մեջ ժամանակին մեղադրում էին պարոն Փաշինյանը և նրա թիմի բազմաթիվ անդամներ…
ԴՍ դատավորներին և Թովմասյանին մեղադրելով ընտրակեղծարարներին պաշտապանելու մեջ, պարոն վարչապետը լավ կլինի բարձրաձայնի իր կողմից թիվ ՄԵԿ ընտրակեղծարար հռչակված ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թ-ի սեպտեմբերի 20-ից… Նրա նշանակումից հետո ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները պարոն Փաշինյանի կողմից հռչակված են կեղծված (վերջին անգամ այդ մասին վարչապետը բարձրաձայնեց Կապանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ), սակայն ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կողմից ընտրակեղծարար հռչակված Մուկուչյանը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը… Հետաքրքիր է, ի՞նչ ծառայություններ է մատուցել գործող իշխանություններին պարոն Մուկուչյանը, որ Փաշինյանը շատ արագ մոռացավ նրա հանցագործության մասին… Ըստ օդում կախված լուրերի, պարոն Մուկուչյանը հմտորեն կեղծել է նաև 2018 թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ ՀՀԿ-ին պակասող 0,3 տոկոսով դուրս թողնելով ԱԺ-ից… Չեմ ցանկանում հավատալ, բայց եթե պարոն Փաշինյանը սադոմազոխիստ չէ, ապա նրա «սերը» դեպի Մուկուչյանն այլ կերպ չեմ կարող բացատրել…
Ընտրակեղծարարներին պաշտպանելու ու հովանավորելու և բազմաթիվ այլ անօրինականությունների մեջ է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից ժամանակին մեղադրվել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը… Գործը հասել էր նույնիսկ նրան,որ պարոն Դավթյանը 2018 թ-ի, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխության» օրերին ԱԺ էր բերել մի փաստաթուղթ, որով ցանկանում էր անձեռմխելիությունից զրկել պատգամավոր Փաշինյանին և ձերբակալել նրան…Սակայն իշխանափոխությունից հետո պարոն Դավթյանը դարձավ Փաշինյանի «սրտի» դատախազը… Իր հիշաչարությամբ աչքի ընկնող պարոն Փաշինյանը շատ արագ մոռացավ ընտրակեղծարարությունները հովանավորող և իրեն ձերբակալել ցանկացող գլխավոր դատախազի անցյալը և հիմա մեծ հաճույքով վերջինս լծված է իշխանական պատվերներ կատարելուն…
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին ևս ներկայիս իշխանությունները ժամանակին մեղադրումն էին ընտրակեղծարարության մեջ…Հատկապես՝ 2015 թ-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Շիրակի մարզում կեղծելու մեջ…Էլ չասեմ, որ նույն պարոն Ցոլակյանը 2017 թ-ի ապրիլի 2-ին ԱԺ ՀՀԿ-ի խմբակցության պատգամավոր էր ընտրվել ռեյտինգային կարգով Շիրակի մարզից, որը պարոն Փաշինյանը ևս կեղծված հայտարարեց…Բայց հիմա, Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին ծառայած սույն գործիչը մեծ հաճույքով համագործակցում է Փաշինյանի հետ, ով էլ «մոռացության» է մատնել վերջինիս մութ անցյալը…
Իսկ պարոն Փաշինյանի անձնական թշնամի՝ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որի կողմակիցները ժամանակին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարզարշավի ժամանակ բացահայտ նվաստացնում և վիրավորում էին Փաշինյանին՝ տապալելով նրա նախընտրական քարոզարշավը հիմա դարձել է իշխանությունների «սրտի» օրինակելի գործարարը…
Սա ընդամենը մի քանի օրինակներ էին հայտնի այն գործիչներից ում պարոն Փաշինյանը և նրան պատկանող ԶԼՄ-ները, ինչպես նաև նրա շատ թիմակիցներ և կողմակիցներ մեղադրում էին ընտրակեղծիքների և ընտրակեղծարարներին հովանավորելու մեջ, որոնց անցյալը մոռանալով պարոն վարչապետը դարձրել է կեղծիքներից և կոռուպցիայից «կույս» իր իշխանության մաս…
Իսկ թե ի՛նչ չի արել Հրայր Թովմասյանը, որ արժանացել է «Փաշինյան և Co-ի» անաֆեմային և հետապնդումներին՝ թողնում եմ Ձեր երևակայությանը…»: