Հանրաքվեի մաթեմատիկան՝ «Կոնսենսուս մինուս բռնապետություն»
Advertisement 1000 x 90

Հանրաքվեի մաթեմատիկան՝ «Կոնսենսուս մինուս բռնապետություն»

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դնում իր անձնական իշխանությունը մեծացնելու և ամբողջատիրական ռեժիմ սարքելու հարցը։

Ժանրի կանոնների համաձայն՝ նա այդ ամենն անում է ժողովրդի անունից։

ՀՀ հպարտ ու ավելի հպարտ քաղաքացիներին Փաշինյանը համոզում է, որ երազանքների ՍԴ և ինքնիշխան պետություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել մահմեդական, ասիական ու աֆրիկյան խառնուրդ հիշեցնող պետական համակարգ՝ «ժողովրդի» գլխավորությամբ։ Ինքն իրեն համեստորեն նույնացնում է ժողովրդի հետ։

Դեմագոգիան և պոպուլիզմը հասել են այնտեղ, որ Փաշինյանը հայտարարում է, թե բա ոչ թե ինքն ու «Իմ քայլը» դաշինքն են եկել իշխանության, այլ ժողովուրդը։ Այսինքն՝ ստացվում է, որ ժողովուրդը 12 ավտոմեքենայից կազմված շարասյունով գնում է Քարվաճառում հաց ուտելու, որ ժողովուրդը նոր գնված կես միլիոն դոլարանոց զրահապատ «պադավատով» է շրջում, որ ժողովուրդը մսխում է պետական բյուջեն պարգևատրումների և այլ ծախսերի միջոցով, որ ժողովուրդը հսկայական գումարով վերանորոգում է բնակարանը, որ ժողովրդի ընտանիքի անդամներն օգտվում են տարատեսակ բարիքներից, որ ժողովուրդն ունի միայն իրավունքներ ու լիազորություններ, իսկ ահա խեղճ Նիկոլ Փաշինյանին մնացել են միայն պարտականություններն ու պատասխանատվությունը, բայց նա անմռունչ կատարում է իր դերը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ…

Անկախ այն հագնամանքից, թե ով ինչ կարծիքի է ՍԴ–ի ու անձամբ Հրայր Թովմասյանի մասին, պետք է թույլ չտալ իշխանության յուրացում։ Յուրացումից հետո մենք կունենանք խունտա, որը իզգոյ կդառնա՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Դա նշանակում է, որ հակառակ ճամբարում պետք է կոնսենսուսի գալ։ Իսկ դա դժվար չէ, քանզի ոչ թե անձի կամ կուսակցության, այլ «այո–ոչ»–ի ընտրության հարց է։

«Կոնսենսուս մինուս բռնապետություն». սա՛ պետք է լինի միավորման բանաձևը։

Ինչ վերաբերում է հանրաքվեի գործընթացի օրենսդրական և թվային կողմերին, ապա Սահմանադրության 207–րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։

Սա նշանակում է, որ երազանքների գրպանային Սահմանադրական դատարան ստանալու և միահեծան իշխանություն կառուցելու համար Փաշինյանին հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ է «խփել» առնվազն 648.285 կողմ քվե (ընտրողների ընդհանուր թիվը 2018–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ եղել է 2.593.140), ինչն ահռելի թիվ է պոպուլիզմի ռեսուրսը սպառած և 2018–ի համեմատ վարկանիշային լուրջ անկում արձանագրած Փաշինյանի համար, որովհետև էյֆորիայի մթնոլորտն այլևս չկա։ Չկա նաև բռնոցիներով տեսարաններ ապահովելու ռեսուրսը, քանզի բոլորը, այդ թվում՝ պողոսական զանգվածի մի հսկա մասը, տեսան, թե ինչ է իրենից ներկայացնում հեղափոխական դեմագոգիան, ստախոսությունը, փարիսեցիությունն ու թալանը։

Նիկոլը ստիպված է գնում հանրաքվեի ճանապարհով։ Նա շատ լավ գիտի, որ ռիսկային է իր որոշումը, բայց այլ ճար չունի։

Ռիսկը կառավարելու համար նա փորձելու է հին ու «բարի» ընտրակեղծիքների տարբերակով գնալ (ուշագրավն այն է, որ Փաշինյանն անընդհատ խոսում է նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներից, բայց չի հրաժարվում Տիգրան Մուկուչյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի ծառայություններից)։

Կոնսենսուսը պետք է ձևավորվի նաև ընտրակեղծիք թույլ չտալու համար։ Հանրաքվեն պետք է վերածել բռնապետական ռեժիմ ստեղծելու ծրագիրը տապալելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր