փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Պառավյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ:
Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը, փորձագետ Արթուր Առաքելյանը, եւ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանը:
Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը:
Դեպքի վայրում, որտեղ հայտնաբերվել են արնանման բազմաթիվ հետքեր, պատերին կրակոցի հետքեր, ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
*** 21:00 – Ֆոտոլրագրողը հայտնեց, որ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը եւ 29-ամյա Գևորգ Սուքիասյանը:
Իսկ վիրավորներն են, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արշակ Առաքելյանը և 32-ամյա Գարիկ Սիրադեղյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: