ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
«2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:
Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում փետրվարի 9-ի ժամը 07:45-ի սահմանում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ), ավելի վաղ տեղեկացրել էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: