«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում
Advertisement 1000 x 90

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում փետրվարի 6-9-ը ներկայացված էին Հարավային Ասիայի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին։ 16-րդ BASIS SOFTEXPO 2020-ը մասնավոր սեկտորի մեծամասշտաբ ցուցահանդես է, որի նպատակն է ցուցադրել IT և ITES արտադրանքներն ու ծառայությունները:

«Արմաթը» ցուցահանդեսին մասնակցում էր «Development Innovation Platform» (DIP) հիմնադրամի հրավերով, որի հետ նախկինում ստորագրվել էր համագործակցության հուշագիր։ Հիմնադրամը միտված է տարբեր շրջանակների փոխներգործությամբ (կառավարություն, մասնավոր սեկտոր, գիտական հանրություն) տեխնոլոգիական զարգացման խթանմանը։ Հատկանշական է, որ վերջինիս նպատակների ցանկում որպես առաջնահերթ կետ հստակ նշվում է Բանգլադեշի դպրոցներում Արմաթ լաբորատորիաների տեղադրման ու գործարկման անհրաժեշտությունը։

«Բազմաթիվ մարդիկ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրին, որպեսզի այն հաջող կերպով ներդրվի իրենց երկրում՝ Բանգլադեշում։ Հիմնադրամի ներկայացուցիչները բավականին շահագրգռված են այդ գաղափարով։ Ցուցահանդեսը դեռ շարունակվում է։ Նախատեսվում են հանդիպումներ տարբեր կրթական կառույցների ներկայացուցիչների հետ։ Արդյունքները կամփոփենք ցուցահանդեսի ավարտին»,- նշեց ցուցահանդեսում «Արմաթի» ներկայացուցիչ Սոֆյա Հարությունյանը։

Ցուցահանդեսում Արմաթը ներկայացվում էր, որպես դպրոցներում տեղակայված ինժեներական անվճար լաբորատորիա 10-18 տարեկան երեխաների համար, որը խթանում է աճող սերնդի մոտ ինժեներական հմտությունների զարգացումը։ Կազմակերպիչները նաև շեշտում են այն փաստը, որ նախագծի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Եթովպիան, Աֆղանստանն ու Ռուսաստանը։

«Միջազգային ցուցահանդեսները հանդիսանում են «Արմաթը» ներկայացնելու կարևորագույն հարթակ մեր Միության համար, ուր հնարավոր է լինում առանձին հաճախորդներին բացատրել տեխնոլոգիայի առանձնահատկությունը», – մեկնաբանում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նշենք նաև, որ ցուցահանդեսին «Արմաթի» հարևանությամբ տեղակայված էր ԱՏՁՄ անդամ «Instigate» խմբի «Instigate Robotics» ընկերության տաղավարը։

«Նախկինում հուշագիր ենք կնքել DIP հիմնադրամի հետ, ըստ որի նրանք ցանկանում են մեր արտադրանքն իրացնել Բանգլադեշում։ Ստացանք առաջարկ, որ «Instigate Robotics»-ը ևս ներկայանա ցուցահանդեսին, ինչից հետո ուղարկեցինք անհրաժեշտ նյութերը, որպեսզի հիմնադրամը դրանք ներկայացնի այցելուներին», – նշեց Instigate Robotics ընկերության տնօրեն Սուսաննա Առաքելյանը։

vnews.am