Դերասան Սերգեյ Դանիելյանի՝ նոյեմբերի 25-ի «Դիվադադար»-ից հետո որոշ ՀՀԿ-ականներ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում անձնական վիրավորանքներ են հնչեցնում դերասանի հասցեին: Նշենք, որ հաղորդման ժամանակ առհասարակ դերասանն անդրադառնում է բազմաթիվ հուզող հարցերի և խնդիրների՝ իր յուրօրինակ ոճով: Նոյեմբերի 25-ի «Դիվադադար»-ը «Բոլորս դեպի ՀՀԿ» խորագիրն ուներ, որի ընթացքում դերասանը սուր քննադատական կարծիքներ էր հնչեցրել կուսակցության մասին:
Այնուհետև հաղորդումից հետո իր հասցեին հնչեցրած վիրավորանքների, ինչպես նաև սպառնալիքների մասին, թե իրեն առհասարակ կզրկեն եթերից, NewsBook-ը զրուցեց Սերգեյ Դանիելյանի հետ, որը նախ նշեց, որ հնչեցված վիրավորանքների մասին տեղյակ չէ ընդհանրապես: «Իմ պատին, համենայն դեպս, ոչինչ չկա գրված, «youtube»-ի ալիքում էլ որևէ մեկնաբանություն չկա»,- ասաց Սերգեյ Դանիելյանը: Դերասանը շեշտեց. «Իրենք իրենց գործն են անում, ես էլ՝ իմ: Դա իմ աշխատանքն է ու վերջ: Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է ասում»: Դերասանը հավաստիացրեց՝ «Դիվադադար»-ը կշարունակվի:
Հարցին՝ չե՞ք վախենում սպառնալիքներից, որ կարող են Ձեզ զրկել եթերից, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Չէ, այդպիսի բան չկա: Ես աշխատում եմ մասնավոր հեռուստատեսությունում, և եթե իրենք հոգով կոմունիստ են, դա իրենց խնդիրն է: Իրենք չեն, որ ինձ եթեր են տրամադրում և դա իրենց գործը չէ, թող ավելի լավ է՝ իրենք իրենց գործերով զբաղվեն»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դերասանն ինչ կարծիք ունի ՀՀԿ համագումարի մասին, նշեց. «Կոմունիստական համագումար էր: Շատերը հըլը լակոտ են, ջահել են, չեն տեսել էլի՝ դա ինչ է: Համոզված եմ, որ նրանք, որոնք մի քիչ տարիքով են, խոսքս ՀՀԿ-ականների մասին է, չեն էլ նայել «Դիվադադար»-ը և կամ էլ, այսպես ասած, չեն հուզվի: Իսկ ջահելները չեն տեսել Սովետական միությունը, իսկ ես այդտեղ եմ մեծացել, այնպես որ՝ ես գիտեմ դա ինչ է, եթե իրենք չգիտեն, դա իրենց խնդիրն է»: