ՀՀ կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կառավարության փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյանը:
«Նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը: Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով»,- ասաց Բաթոյանը:
Նշված արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում: