Հայազգի Սիսակ Խուդավերդյանը, ում հակաօրինական գործողությունների պատճառով Լոս Անջելեսից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կանադայի Իքալուիթ քաղաքում, մեղադրվում է չորս տարբեր հոդվածներով: Ինչպես հաղորդում է CBC-ը, 36-ամյա հայը մեղադրվում է օդանավի անվտանգությունը վտանգելու, վնաս պատճառելու, անկարգություն հրահրելու և օդանավում գտնվող մարդկանց կյանքը վտանգի ենթարկելու մեջ` համաձայն Կանադայի քաղավիացիան կարգավորող օրենսդրության:
Օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո Խուդավերդյանը ձերբակալվել էր: Նոյեմբերի 28-ին նա կանգնել է դատարանի առջև: Դատավորը վճռել է Խուդավերդյանին 60 օր հոգեբանական փորձաքննության ենթարկել` պարզելու` արդյոք նա առողջ է դատարանի առջև կանգնելու համար, թե հոգեկան հիվանդությամբ է տառապում, ինչի դեպքում նա անմեղսունակ կճանաչվի և չի ենթարկվի քրեական պատասխանատվության:
Խուդավերդյանի գործով հաջորդ դատական լսումները տեղի կունենան 2017 թվականի հունվարի 31-ին, սակայն օրը կարող է փոխվել, եթե նրա առողջական վիճակի մասին գնահատականն ավելի վաղ տրվի: