Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի անդամներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին՝ միջոցառմանը հրավիրելու համար և կարևորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը, որոնք իրենց հետագա գործունեությամբ կոռուպցիայի դեմ պայքարը որակական նոր մակարդակի կհասցնեն:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չհաջողելը հիմնականում պայմանավորված է եղել նաև բավարար մասնագիտական պատրաստվածություն և միջազգային գործող մեխանիզմների մասին բավարար գիտելիքներ չունենալով, և թերագնահատվել է կոռուպցիայի կանխարգելման գործառույթի իրականացումը՝ մշտապես կարևորելով հանցագործությունների քննությունը: «Այս թյուրընկալումը վերացնելու առաքելությունն այսօր ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և կարծում եմ՝ իրենց գործունեությամբ կհիմնավորեն հակառակը»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
Նախարարը կրթական և իրազեկման միջոցառումներին զուգահեռ՝ Հանձնաժողովի գործառույթներից կարևորել է հայտարարագրերի վերլուծությունն ու բարեվարքության ստուգումը և ընդգծել, որ այն հաջողությամբ իրականացնելու դեպքում հանրության վստահությունը կբարձրանա ոչ միայն Հանձնաժողովի, այլև բարեվարքության ստուգումն անցած աշխատակիցներով գործող մարմինների նկատմամբ:
Այդ առումով նախարար Բադասյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ ամենօրյա ռեժիմով աջակցելու Հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովմանը: