Ես չեմ կարծում, որ Սուրեն Պապիկյանի դատվածության հետ կապված տեղեկությունը անձնական տվյալ է։ Այս տեղեկությունը չի մտնում անձնական տվյալների պաշտպանության տակ, որովհետև զուգակցվում է մեկ այլ երևույթի հետ, այն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նա նշեց, որ միջազգային կառույցներում, Եվրոպական դատարանում կան նախադեպեր, որ եթե տեղեկությունը հանրային հետաքրքրություն է ներկայացնում և անմիջականորեն կապված է պետական պաշտոն զբաղեցնող անձի հետ, ապա ենթակա է բացահայտման. «Լրատվամիջոցի համար ցանկացած անձ կարող է աղբյուր հանդիսանալ, սկսած Սուրեն Պապիկյանի հարևանից, թիմակցից, հակառակորդից։ Տվյալ դեպքում միայն Սուրեն Պապիկյանի մասին չէ խոսքը»։
Անդրադառնալով Պապիկյանի կոչին, որ ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանապետը պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել լրատվամիջոցին, Սեյրանյանն ասաց, որ իր համար անհասկանալի է պատճառը։
«Նախ՝ ինքը պետք է բարձրաձայներ դրա մասին ու իր կենսագրության մեջ դա պետք է տեղ գտներ։ Նույն կերպ, օրինակ, անձնական տվյալ են համարում Հայկ Մարությանի այս կամ այն երկրի քաղաքացի լինելը։ Մինչ օրս՝ այդ հարցն օդից կախված է, անհասկանալի է նա Հայաստանի քաղաքացի՞ է, երկքաղաքացիություն ունի՞, Չեխիայի՞ քաղաքացի է, ի՞նչ կարգավիճակ ունի։ Մինչև հիմա լրատվամիջոցները փորձում են այդ տվյալը ձեռք բերել, այն դեպքում, երբ օրենքի պահանջն է, որ ավագանու անդամը պարտադիր պետք է ՀՀ քաղաքացի լինի»,-ասաց Սեյրանյանն ու ավելացրեց, որ այդ տեղեկությունները հնարավոր չէ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կամ այլ վայրից ձեռք բերել, քանի որ տվյալ պաշտոնատար անձն ընտրվում է ավագանու միջից և ավագանու անդամի բարեխղճության վրա է, թե որքանով ճշգրիտ, իրականությանը համապատասխանող տեղեկություն կտրամադրի։
Նա նշեց, որ եթե այսօրվա իշխանություններն իրենց լրատվամիջոցներում կամ հրապարակումներում նախկիններին մեղադրում էին գործունեության կամ կենսագրության այս կամ այն դրվագը թաքցնելու համար, ապա այսօր իրենք են դա անում։
«Ավելին, մեղադրում են մամուլին, որ հրապարակել է։ Իսկ մամուլն իրազեկում է հանրությանը և գործող իշխանությունը, կառավարող քաղաքական ուժը պարտավոր է իր ընտրողների առաջ բաց, թափանցիկ լինել ու ամբողջությամբ ներկայացնել իր կենսագրությունը»,-ասաց ժուռնալիստների միության նախագահը։
Խոսելով Պապիկյանի տեսակետի մասին, թե դավադիր ուժերի միջնորդությամբ է հոդվածը հրապարակվել, Սեյրանյանն ասաց. «Գործող իշխանությունները դավադիր ուժեր համարում են և՛ մամուլին, և՛ քաղաքական հակառակորդներին…ի՞նչ է արել լրատվամիջոցը, ճիշտ տեղեկատվություն է հաղորդել, որի մասին իրենք պետք է ասեին։ Եվ այդպես պետք է բոլորի կենսագրություններով անցնեն»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան