Թայվանի արևելյան ափերին՝ փետրվարի 15-ին 5 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել` 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել են Չինաստանի սեյսմիկ կենտրոնից:
Առաջին ցնցումը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցվել է տեղի ժամանակով 19:00-ին Հուալյան շրջանում, երկրորդը` 5 րոպե անց 4,7 մագնիտուդ ուժգնությամբ` նույն շրջանում: Երկու դեպքում էլ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ ցնցումների ուժգնությունը 5,7 մագնիտուդ է եղել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Հուալյանում երկրաշարժերը բավականին հաճախ են տեղի ունենում: 2018 թվականի փետրվարին այստեղ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի պատճառով 16 մարդ զոհվել էր, ևս 285 հոգի՝ տուժել: