Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբեգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12: 40-ի սահմաններւոմ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանները Volkswagen-ի վարորդին ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:
Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների խումբը, ովքեր վաշտի հրամանատար Գ. Պողոսյանի ուղեկցությամբ 07-ի վարորդին տեղափոխել են Մասիսի հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Ադիբեկյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: