Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա են կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա:
«ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացով (Կունգ) դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատից վեց հրշեջ-փրկարար:
Հրշեջ-փրկարարները բահով մաքրել են ավտոճանապարհը, կուտակումից դուրս բերել 26 ավտոմեքենա և 42 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն: Ավտոմեքենաները շարունակել են ճանապարհը համապատասխան ուղղություններով:
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել են երկու ձյուն մաքրող տեխնիկա (տրակտոր):