Երբ հատկապես դեմքի վրա անցանկալի մաշկային դրսևորումներ են ի հայտ գալիս, մենք խուճապի ենք մատնվում: Նախ փորձում ձեռքի տակ եղած իջոցներն ու մեթոդները՝ քսուկներ, լոսյոններ, ժողովրդական միջոցներ, ապա նոր դիմում մասնագետի:
Մաշկաբորբը հիվանդությունների խումբ է, որոնցից յուրաքանչյուրը իր ուրույն պատճառ ունի,- նշում է մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը:
Պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ ալերգիկ կոնտակտային, սեբորեա, ատոպիկ մաշկաբորբ: Կոնտակտային մաշկաբորբի պատճառ կարող է հանդիսանալ շփումն ինչ-որ նյութի, օրինակ օճառի, լոլիկի, կամ քիմիական տարրի հետ: Այն ամենն, ինչին հնարավոր է դիպչել, կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա:
Սեբորեային մաշկաբորբի ժամանակ պատճառը ճարպագեղձերի գերաշխատանքն է, այնպես, ինչպես ակնեի դեպքում:
Ատոպիկ մաշկաբորբի ժամանակ այլ գործընթաց է տեղի ունենում, իմունային համակարգի սխալ պատասխանի արդյունքում մենք ունենում ենք մաշկի վնասում: Ի դեպ, կլինիկորեն երեքն էլ իրար շատ նման են և դժվար է տարաջատելը: Հեշտ է միայն այն տեսանկյունից, որ սկզբնական շրջանում երեքի բուժումն էլ նույն դեղերով է կազմակերպվում, որից հետո հնարավոր է լինում հստակեցումը:
Ախտորոշումը վիզուալ է լինում, սակայն պետք է զուգակցել անամնեզը, որը պացիենտը պետք է ճիշտ ներկայացնի: Օրինակ, սեբորեան առաջանում է շատ տաք ջրով լոգանք ընդունողների, քաղցրավենիք հաճախ օգտագործողների մոտ: Իսկ ատոպիայի դեպքում որևէ օրինաչափություն չկա: