Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 միլիարդ դոլար տրամադրել իր սեփական միջոցներից կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Աշխարհի ամենահարուստ գործարարը դրա մասին հայտարարել է երկուշաբթի օրը ինստագրամի գրառման միջոցով՝ կլիմայի փոփոխությունը որակելով «մոլորակի ամենամեծ սպառնալիք»:
Նա ընդգծել է, որ իր Bezos Earth հիմնադրամն այս ամառվանից կսկսի տրամադրել դրամաշնորհներ:
Այս հայտարարությամբ Բեզոսը միացավ մի քանի միլիարդատեր այն գործարարներին, ովքեր խոստացել են գումարներ տրամադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Նրանց թվում են Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և գործարար Թոմ Սթեերը:
Վերջին շրջանում Amazon-ը ենթարկվում էր քննադատության անգամ սեփական աշխատակիցների կողմից՝ այս ոլորտին բավարար ուշադրություն չցուցաբերելու համար: Ընկերությունն իր աշխատանքներն իրականացնելիս օգտագործում է մեծ քանակությամբ ավտոմեքենաներ՝ առաքումներ իրականացնելու համար, որով նպաստում է դեպի մթնոլորտ թունավոր արտանետումների ծավալների մեծացմանը: Անցած տարի Amazon-ի հիմնադիրը խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ արտանետումները մինչև 2040 թվականը զգալիորեն կրճատելու համար: