Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ Սուրեն Պապիկյանը չի կարող ղեկավարել «Այո»-ի շտաբը. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ Սուրեն Պապիկյանը չի կարող ղեկավարել «Այո»-ի շտաբը. armdaily.am

«Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ Եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվի անցկացումը քաղաքացիական նախաձեռնությամբ է, ապա «Այո»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչը հենց քաղաքացիական անձ կարող է լինել։ Եթե նախաձեռնությունը կառավարությանն է, ապա ղեկավարը կարող է լինել կառավարության անդամը։ Սակայն այս դեպքում սահմանադրական հանրաքվեն նախաձեռնել են Ազգային ժողովի 44 պատգամավորից կազմված խումբը, հետևաբար՝ ներկայացուցիչ պետք է լինի հենց պատգամավոր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ Սուրեն Պապիկյանն, ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի, չի կարող ղեկավարել շտաբը։

«Շտաբի ղեկավարը պետք է պատգամավոր լինի։ Միաժամանակ հանրաքվեի դրված փաստաթղթում պետք է անպայման լինի Սահմանադրական դատարանի որոշումը։ Հանրաքվեի դրված փաստաթղթի տեքստում պետք է լինի «Այո»-ի և «Ոչ»-ի կողմերի քարոզչական բացատրական զեկույցը և ՍԴ որոշումը։ Սա «Հանրաքվեի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2 կետի պահանջն է։ Հիմա ի՞նչ են դնելու այդ որոշման տեղը»։

Դիտարկումներին, թե ՍԴ անդամներն իրավասու չեն իրենց վերաբերող հարցին եզրակացություն տալ, քանի որ իրենց պաշտոնավարել- չպաշտոնավարելու հարցն է դրված՝ փաստաբանը նկատեց, որ ասելուց օրենքը չի փոխվում։

«Սահմանադրական փոփոխություններին չի կարելի այդքան մատների արանքով նայել, փոփոխություն էիք ուզում անել, գումար եք ծախում՝ միայն 1 դրույթ փոխելու համար։ Ամբողջական փաթեթ բերեք, ժողովրդին էլ հարցնեիք՝ փոխենք, թե ոչ»։

Փաստաբանն ընդգծեց նաև, որ հանրաքվեն ստվերում է շատ ավելի կարևոր գործընթաց՝ Արցախի հարցը։

«Սա շատ վտանգավոր խաղ է, մեզ ներքաշում են մի գործընթացի մեջ, այն դեպքում, երբ շատ ավելի կարևոր գործընթացներ կան։ Այն անձինք, ովքեր պետք է աշխատեն հենց այդ ուղղությամբ՝ փաստաթղթեր մշակելու և իրական աշխատանքներ կատարելու վրա, ներքաշված են քարոզչություն իրականացնելու մեջ։ Շատերի համար միևնույն է՝ էսօր ՍԴ-ն կղեկավարի Հրայր Թովմասյանը, թե Թովմաս Հրայրյանը։ Սա հասարակության համար 8-երորդական է, ամեն ինչ լուծել էինք, մնացել էր ՍԴ-ն»,-ասաց փաստաբանը։

armdaily.am