Ամերիկացի համակարգչային մասնագետ Լարի Թեսլերը, որն ավելի հայտնի է որպես «քոփիփասթ» և «քաթ» ֆունկցիաների ստեղծող, մահացել է 74 տարեկան հասակում` ԱՄՆ–ում։ Նա աշխատում էր Xerox PARC հայտնի ընկերությունում։ Մասնագետի մահվան մասին կենտրոնը հայտնել է Twitter–ի իր էջում։
Նրա շնորհիվ հավելվածներում և ժամանակակից համակարգիչների ու բջջային սարքերի ինտերֆեյսներում հայտնվեցին copy, cut և paste ֆունկցիաները։
Թեսլերը ծնվել է Նյու Յորքում 1945 թվականին։ Նա Սթենֆորդի համալսարանում սովորել է համակարգիչների վրա աշխատել, այնուհետև զբաղվել է արհեստական ինտելեկտի ուսումնասիրություններով։
1973 թվականին աշխատանքի է անցել Պալո Ալտոյի Xerox PARC հայտնի հետազոտական կենտրոնում, որտեղ էլ ստեղծել է copypaste–ի հայեցակարգը, որը շատ հարմար է փոխանակման բուֆերի միջոցով տվյալների տեղափոխում իրականացնելու համար։