Տանը նրան արջուկ են ասում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տանը նրան արջուկ են ասում

Մասիսի ծննդատանը լույս աշխարհ եկած 5.5 կգ քաշով և 60 սմ հասակով տղան արդեն տանն է։ Մարկը ընտանիքի երկրորդ զավակն է։

Տան տատիկը՝ Վարդանուշ Արամյանը, ժպիտը դեմքին է ընդունում թոռնիկին այցելության եկող հյուրերին, իսկ աչքալուսանք  տվողին՝ այս բարեմաղթանքն է հղում՝ «Թող տարոսը լինի բոլոր բոլորին»։

 

Փետրվարի 10-ին Մասիսում բնակվող Արամյանների ընտանիքում ծնվել է երկրորդ արու զավակը՝ 5 կգ 500 գրամ քաշով և 60 սմ հասակով։ Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով։ Փոքրիկն արդեն տանն է։ Վայելում է ընտանիքի անդամների հոգատարությունը։

 

«Նախավերջին էխոյի ժամանակ ասացին, որ պտուղը մեծ է` այն ժամանակ արդեն 3.5 կգ։ Բայց ինձ համար դա այդքան էլ զարմանք չէր։ Ունենալուց արդեն մի քանի օր առաջ արված էխոն ասաց, որ մոտ 5 կգ է քաշը»։

Մարկի ծննդյան նախապատրաստությունները տեսնելիս մայրը կողքից հորդորները չի լսել, լսել է սրտի թելադրանքին ու միանգամից երեք ամսական երեխայի հագուստներ է գնել։

«Շորերը գնելու ժամանակ ասում էին` փոքր երեխայի շոր ընտրի։ Բայց ոնց որ սիրտս վկայեր։ Դրա համար ամեն շոր վերցնելիս մեծն էի ընտրում»։

 

29 տարեկանում երկրորդ անգամ մայրացած Լուսանուշն այնքան էլ զարմանք չի ապրել 5 կգ քաշը լսելիս։ Ասում է` Մարկն իրեն է նման, ինքն էլ է մեծ քաշով ծնվել. «Անձամբ ես 5 կգ եմ ծնվել։ Եղբայրս, քույր ևս ծանր քաշով ենք ծնվել»։

Հղիությունը լավ եմ տարել, բոլոր տեսակի աշխատանքներն էլ կատարել է։ Ծանր հղի չեմ եղել` մայրական բերկրանքը վայելելով ասում է Լուսանուշը։ Միակ դժվարությունը ծանրությունն է եղել, այն էլ վերջին օրերին։ Մարկին տանն արդեն «արջուկ» են ասում։ Անգամ սոված ժամանակ լացի ձայնը չի լսվում` ասում է մայրը, որին երեխային խնամելիս օգնում է սկեսուրը, դե ամուսինն էլ տան ապրուստ վաստակողն է։

Ընտանիքը համերաշխ է, նույնիսկ երեխային մեկը մյուսին նմանեցնելու հարցում։ Ամուսինները փորձում են միմյանց չնեղացնել։

«Չէ, նման կռիվ չի եղել։ Ամուսինս ասում է քեզ է նման, ես էլ մտածում եմ, որ մյուս տղայիս է նման։ Դեռ փոքր է, չենք կարող ասել` ում է նման, կմեծանա կերևա։ Կարևորն առողջ բալիկ լինի»։

Սակայն այս երեխայի ծննդով ընտանիքը չի սահմանափակվել։ Արամյանների ընտանիքում օգոստոսին լույս աշխարհ կգան տան երկրորդ տղայի զույգ աղջիկները։ Լուսանուշն ու ամուսինն էլ արդեն աղջիկ են երազում։ Երրորդը` աղջիկ կլինի` ասում են։

Ամբողջությամբ՝ armradio.am



Նման նյութեր