ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-20:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը կկայանա փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ)։
Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 10-ին: 1938-ին ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։
Եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։
Ղեկավարել է Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Հայտնի դիրիժորը մինչ օրս աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր։
Դավթյանը մահացել է փետրվարի 20-ին՝ կյանքի իննսուներորդ տարում: