Ստեփանակերտում երեկ բողոքի ակցիա են կազմակերպել մեկ ամիս առաջ ստեղծված Արցախի հեղափոխական կուսակցության անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:
Facebook սոցիալական ցանցում օգտատերերը տեղեկություններ են հրապարակում նորաստեղծ կուսակցության անդամների մասին:
Ըստ հրապարակումների, նրանցից մեկը «Վադիմ Ռաջաբի Գրիգորյանն է, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր»։
«Ո՞վ է մեր նորաթուխ հեղափոխականը, տեղյա՞կ եք։ Դաժանաբար սպանության համար Ռուսաստանի մի շարք գաղութներում պատիժ կրած և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների կողմից արտաքսված Վադիմ Ռաջաբի Գրիգորյանը, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր։ Ինքը այն նույն քրեական ենթամշակույթ կրողներից է, ում դեմ ներկայումս Հայաստանի վարչապետի ցուցումով պայքարում են իրավապահ մարմինները։ Պատկերացնու՞մ եք, այս մարդը որպես պատգամավորի թեկնածու հայտնվել է մի անհասկանալի «կուսակցության» ընտրական ցուցակում։ Մի՞թե սրանց եք ուզում տեսնել Ազգային ժողովում։ Մի՞թե այս հանցավոր տարրերը պիտի թելադրեն մեր երկրում», – գրել է Facebook-ի օգտատեր Լևոն Սահակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Ստեփանակերտում ավտոերթ իրականացնող մի խումբ ակտիվիստների։ Վերջիններս հանդես են գալիս Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականի կոչերով։
Aysor.am-ին Արցախի Հանարապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման է ենթարկվել 8 քաղաքացի, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):