Անդրանիկ Քոչարյանը պետք է հրաժարական տա
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Քոչարյանը պետք է հրաժարական տա

Հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը բանակում չի ծառայել:

Երեկ տեղի է ունեցել նրա որդու՝ Լեւոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Պաշտպանությանը ներկա է եղել նաեւ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Աղեկյանը հարցի իրավունք է խնդրել եւ ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի 26-ամյա որդուն հարցրել, թե ինչո՞ւ նա չի ծառայել բանակում եւ արդյո՞ք չի պատրաստվում ծառայել:

Այս հարցերի պատասխանը Լեւոն Քոչարյանը չի տվել, քանի որ նրան պաշտպանության է շտապել խորհրդի նախագահ Թաթուլ Մկրտչյանը, որը թույլ չի չտվել Քոչարյանի որդուն պատասխանել հարցին՝ ասելով, որ դա իրավակարգի հետ կապ չունի։

Իսկ մենք արձանագրում ենք, որ Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերով զբաղվողի որդին այս կամ այն պատճառով խուսափել է բանակային ծառայությունից: Իհարկե, կասեն, որ խուսափել է օրենքի տարրին համապատասխան, բայց այստեղ էականը դա չէ:

Լեւոն Քոչարյանն Անդրանիկ Քոչարյանի որդին է, իսկ նա, որի որդին այս կամ այն պատճառաբանությամբ, օրենքի այս կամ այն կետից օգտվելով խուսափում է զինված ուժերում ծառայելուց, իրավունք չունի նման հանձնաժողովում աշխատել, էլ ուր մնաց գլխավորել:

Ավելացնենք նաեւ, որ նույն Անդրանիկ Քոչարյանը ղեկավարում է Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը: Հարց՝ ի՞նչ բարոյական իրավունք ունի Քոչարյան Անդրանիկը հարցեր ուղղել հերոսաբար հայրենիքի սահմանները պաշտպանող սպաներին, երբ օգտվելով գործող օրենքներից որդուն ազատել է զինված ուժերում ծառայելուց:

Միանշանակ է, որ Անդրանիկ Քոչարյանը ժամ առաջ պետք է հրաժարական տա: Չի կարող նա գլխավորել ոչ ապրիլյան քննիչ հանձնաժողովը, ոչ էլ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Եթե մենք հարգում ենք մեր պետականությունը, եթե հարգում ենք զինված ուժերում ծառայող սպաներին եւ շարքայիններին, ապա Անդրանիկ Քոչարյանը պետք է հնարավորին չափ արագ հրաժարական տա:

Արդարությունից խոսող, Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար հանրաքվե նախաձեռնող իմքայլականները, ՔՊ-ականները լռում են: Սա շատ խորհրդանշական եւ շատ բան ասող լռություն է: Անդրանիկ Քոչարյանի հետագա պաշտոնավարումը ձեր բոլորի պարտությունն է:

topnews.am



Նման նյութեր