Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն: Նախքան շենք մտնելը նալրագրողների հետ զրույցում նշեց, որ նախօրեին դատարանի որոշմամբ իր տանը կատարվել է խուզարկություն. «Շատ նորմալ ներխուժել են բնակարան, հանգիստ անցել է ամեն ինչ, խուզարկել են բնակարանը: Անկեղծ ասած, պարզ չէր, թե ինչ էր իրենց հետաքրքրում, այլապես ինքս գուցե փորձեի օգտակար լինել, համագործակցել խուզարկության մասով: Արձանագրեցին, որ ոչինչ չեն հայտնաբերել, նույնիսկ կոնֆետ հյուրասիրեցին»,-ասաց նա:
Շահինյանը տեղի ունեցածը բնորոշեց որպես «քյոռոնավիրուս». «Քյոռոնավիրուսականները 1990-ականներին թալանեցին ամբողջ աղետի գոտին՝ մոտ 30 մլրդ դոլար, խլեցին մեր ծնողներից խնայբանկերում եղած գումարները, էներգետիկ ճգնաժամ ստեղծվեց եւ մի քանի տասնյակ հայտնի սպանություններ եղան՝ Գեղազնիկ ՄԻքայելյանի, Վիտյա Այվազյանի, Ղանդիլյանը, Յուզբաշյանի, Համբարձումյանի, չթվարկենք բոլորը: 1990-ականներից «քյոռոնավիրուսականները» հարձակվեցին լուսահոգի հորս վրա, որը ղեկավարում էր Երեւանի Արաբկիրի թիվ 5 շուկան: Կոլեկտիվն ուզում էր դառնալ շուկայի սեփականատերը: Քյոռոնավիրուսականներից Գամազյան, Բագոյան ազգանուններով նախարարները՝ գլխավոր քյոռի ընկերները, ինձ ճանապարհեցին բանտ, քանի որ շաբաթը մեկ գեներալ գուբերնատոր մարզպետ ունեինք, այն ժամանակ ՆԳՆ Արաբկիրի բաժնի պետն էր, իրեն հանձնարարել էին, շաբաթը մեկ հայրս անցկացնում էր Արաբկիրի ՆԳ բաժնում: Այդ ընթացքում նա ատարավ 2 ինֆարկտ»,-ասաց Հովհաննես Շահինյանը:
Նա նշեց, որ իրեն այդ ժամանակ բանտ են տարել. «Ես Երեւանի կրթության վարչության տեսչության պատասխանատուն էի, Արաբկիր համայնքի ավագանու անդամ, նաեւ ջրացատկի ֆեդերացիայի նախագահը, զուգահեռ դասավանդում էի թիվ 21 դպրոցում: Ինչ-որ ատրճանակ գտան, դրեցին:
Դե հիմա նորից եկել են իշխանության եւ ինչ-որ գործ է քննվում, մեր թվարկության 2006-2007 թվականների: Դեկտեմբերին ինձ հրավիրել են ԱԱԾ վարչություն, բացատրություն տալու, ես հրաժարվել եմ: Գիտեի, որ պետք է կանչեն, նաեւ հասկանում էի, որ այն հոդվածը, որ դրել են պարունակում է մինչեւ 15 տարի, իսկ գործը 13 տարվա վաղեմություն ունի:
Հոդվածը՝ կաշառքի օժանդակություն: Եթե երկու տարի պառկեի Անթալիայի ավազների վրա, գործի վաղեմության ժամկետը կանցներ, բայց ես հակված չեմ դրան, մասնակցելու եմ քննչական գործողություններին, եւ եթե կլինի հանցանք, գողը պետք է նստի բանտ»,-ընդգծեց Հովհաննես Շահինյանը:
Նա նշեց, որ այս գործը որեւէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. «Իմ հորդորն է, որ սա որեւէ ձեւով չկապվի, չասոցացվի կամ չքննարկվի: Ես Քոչարյանի դատական պրոցեսներին մասնակցում եմ կամավոր, քանի որ նա այն պետական գործիչն է, որի ղեկավարմամբ ազատագրել ենք Արցախը:Ինքն ինձ համար հերոս, է այսօր իմ հերոսը գտնվում է բանտում: Սա խայտառակություն է հայ ժողովրդի համար:
Ես նաեւ ուզում եմ «քյոռոնավիրուսներից», Նիկոլից շնորհակալություն հայտնել, որովհետեւ եթե նա չլիներ, մենք չէինք կարող «մարտի 1»-ի հետ կապված, միլիարդների հետ կապված, «հոկտեմբերի 27»-ի հետ կապված բոլոր զրպարտությունները, որոնց մասին ժամանակին ղժղժում էր, հերքում են:
Այսօր տեղի է ունենում գանձագողություն, կամ ես վարչապետի կինն եմ, հիմնադրամ եմ բացել, եկեք մուծվեք բոլորդ, խելացի եղեք, չգանք հետեւներիցդ:
Նորից կլինեն փոփոխություններ, սարերի հետեւում չի, մենք գլխի վրա գնում ենք դեպի ձորը»:
Հովհաննես Շահինյանը նաեւ պատմեց, որ 1992-ին անձամբ 10 տոննա ռազմամթերք նվիրել է Վազգեն Սարգսյանին. «Շատ ներկաներ են եղել, որոնք կենդանի են: Դրա դիմաց միայն խնդրեցի, որ ինձ էլ վերցնեն մահապարտների գունդ: Ինձ երկու հարց տվեց Սպարապետը ու մերժեց, ասաց՝ սա շատ ավելի կարեւոր է: Այն ժամանակ մենք ՊՆ-ի պահեստում ունեցել ենք 23 հազար փամփուշտ»: