2019 թվականի նոյեմբերին Ենոքավանի անտառներից մեկում գյուղացու վրա հարձակված վայրի կենդանին ի վերջո հովա՞զ է եղել, թե ոչ: Ամիսներ շարունակ այս հարցի պատասխանն էին փորձում գտնել ոլորտում աշխատող մասնագետները՝ կատարելով բազմապիսի հետազոտություններ ու ուսումնասիրություններ, դաշտային աշխատանք: Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, NABU Հայաստանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և այլ կառույցներ տեղադրված տեսախցիկներով հետևել են այդ տարածքում կենդանիների տեղաշարժին: Արձանագրել են ամեն ինչ՝ բացի հովազից: Տեսախցիկի տեսադաշտում են հայտնվել այծյամ, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, գորշ արջ, շնագայլ վայրի խոզ և այլն:
«Հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցրել ենք կենդանու մազերը և ուղարկել Գերմանիա՝ լաբորատոր հետազոտության: Պատասխանները ստացել ենք օրերս: Ըստ արդյունքների՝ կենդանին եղել է լուսան, ոչ թե հովազ»,-ասաց Կարեն Մանվելյանը:
Չնայած հետազոտության արդյունքներին՝ կենդանու հարձակումից տուժած Արման Գաբրիելյանը նշեց, որ շարունակում է մնալ իր տեսակետին. այն է՝ իր վրա հարձակված գազանը հովազ է եղել:
«Անտառում փնտրում էի իմ կենդանիներին, մի պահ այնպիսի տեղանքում էի, որն ինձ այնքան ծանոթ չէր, հանկարծ մոտակա քարանձավային հատվածից ձայն լսեցի, և գրեթե անմիջապես գազանը հարձակվեց ինձ վրա: Ես վայր ընկա ու լուրջ վնասվածքներ ստացա: Վարկյաններ անց կարողացա ձեռքիս զենքով օդ կրակել, և կենդանին փախավ: Ինչո՞ւ եմ վստահ ասում, որ հովազ է եղել, որովհետև պոչն ավելի երկար էր, և վրայի նախշերը բնորոշ են հովազին»,-ասաց Արման Գաբրիելյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նկատեց, որ իրենք ուրախ կլինեին, եթե այդ տարածքում հովազի տեղաշարժ հայտնաբերվեր: Մանավանդ, որ տարիներ շարունակ այդ տարածքում հովազ չի եղել:
«Գիտեք, չի բացառվում, որ հովազ եղած լինի, ամեն դեպքում այս պահի դրությամբ մեր ուսումնասիրությունների արդյունքներն այլ բանի մասին են խոսում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Այդ տարածքում հովազի հայտնվելը քիչ հավանական է համարում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նրա խոսքով, այդ տեղանքում վերջին անգամ հովազ արձանագրվել է 1960-ական թվականներին: Ամեն դեպքում մասնագետները նկատեցին, որ այս միջադեպն առիթ դարձավ, որ ոլորտի կազմակերպությունները սկսեն ուշադրության կենտրոնում պահել քիչ ուսումնասիրված տեղանքը: Կազմակերպությունները շարունակելու են ուսումնասիրությունները այդ վայրում: