Ջորջիո Արմանիին համարում են իտալական նորաձևության կնքահայրը:
Արմանին ծնվել է 1934թ.` Իտալիայի Պյացենզա փոքրիկ քաղաքում: Պատանի հասակում տեղափոխվել է Միլան: 1961-1970թթ. աշխատել է հանրահայտ «Nino Cerruti» նորաձևության տանը: Սակայն 1974թ. Արմանին Սերջիո Գալեոտտիի հետ բացում է սեփական նորաձևության տունը, որը կոչվում է իր անունով:
Արմանիի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա ոճը միշտ արդիական է: Ինչպիսին էլ լինեն նորաձևության միտումները, պարզվում է, որ նրա հավաքածուները դրանց չեն հակասում, թեև չեն էլ հետևում դրանց: Բացի այդ, ի տարբերություն շատերի, նա չի փոխում նորաձևության մասին իր պատկերացումները` հանուն շուկային գոհացնելու:
Արմանին չի զարմացնում անսպասելի ուրվագծերով, գունային անսպասելի լուծումներով: Վարպետի հավաքածուների հիմնական գույներն են սպիտակը, սևը, մոխրագույնը, մուգ կապույտը: Նա երբեք չի օգտագործում վարդագույնը, իսկ կարմիրը հանդիպում է միայն երեկոյան զգեստների մեջ:
Արմանին կարող է հիացնել իր երկրպագուներին և նյարդայնացնել նորաձևության մեջ կտրուկ փոփոխությունների սիրահարներին: Սակայն մի բան անվիճելի է` դա ապրելու յուրահատուկ ոճ է, որ վարպետը ստեղծում է ավելի քան քառորդ դար: Ինչ վերաբերում է նորարարությանը, ապա հիշեցնենք, որ 70-ականների կեսերին հայտնված կանանց տաբատով կոստյումն Արմանիի ձեռքի գործն է: Տարածված կարծիք կա, որ Արմանին տղամարդկանց դիզայներ է, և դա մասամբ այդպես է: Բանն այն է, որ 1974թ. առաջին անգամ «Giorgio Armani» անվան տակ շուկայում հայտնվեց հենց տղամարդկանց հագուստի հավաքածուն: Սակայն արդեն մի տարի անց Արմանին սկսում է ստեղծել նաև կանանց հագուստ: Հենց իր` Արմանիի խոսքերով` նա հագուստ է ստեղծում կնոջ համար, որի բախտը չի բերել, սակայն նա չի հանձնվել, կարողացել է հաջողության հասնել աշխատանքում: Ինչպես մի անգամ ասել է Դեյվիդ Կրամբերգը` Մոսկվայում գտնվող «Armani» բուտիկի մենեջերը, որ վարպետի հետ աշխատում է 1974թ.-ից, «կանայք գալիս են այստեղ, երբ դադարում են ընկերուհի (սիրուհի) լինելուց և դառնում են օրինական կին»:
1975թ. 40-ամյա Արմանին արդեն հասցրել էր երկու տարի սովորել բժշկական քոլեջում, ծառայել բանակում, տարվել լուսանկարչությամբ և, որ ամենակարևորն է, 12 տարի աշխատել «Nino Cerruti» նորաձևության տանը` որպես դիզայներ: 1970թ. բաժանվելով Չերուտտիից` չորս տարի անց Արմանին սեփական բիզնեսն է սկսում: Նրան միանում է քույրը` Ռոզաննա Արմանին: 1985թ. մահանում է Գալեոտտին, և Արմանի նորաձևության տունը դառնում է զուտ ընտանեկան բիզնես:
1980թ. էկրան բարձրացած «Ամերիկյան ժիգոլո» ֆիլմից հետո, որտեղ կանանց սիրելի Ռիչարդ Գիրը խաղում էր Արմանիի ստեղծած հագուստով, սկսվում է ամերիկյան շուկայի նվաճումը: Այդ ժամանակից ի վեր Ջորջիո Արմանիի հագուստներն են կրել այնպիսի աստղեր, ինչպես Բրյուս Ուիլիսը, Ջոդի Ֆոսթերը, Սեմյուել Ջեքսոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Ումա Թուրմանը, Ջոն Տրավոլտան և այլք: Մինչ օրս էլ ԱՄՆ-ը «Armani Group»-ի խոշորագույն արտահանման շուկան է:
Արմանին առաջին դիզայներներից մեկն էր, որ իր մոդելներին ընտրելիս քաշի սահմանափակումներ մտցրեց: Պատճառն Աննա Կարոլինա Ռեսթոնի մահն էր, որ մահացել էր չափից դուրս նիհարելուց` անորեքսիայից:
Այսօր «Armani Group» հոլդինգի մեջ են մտնում ավելի քան տասնհինգ ընկերություններ, որոնք զբաղվում են հագուստի, աքսեսուարների, ժամացույցների, ակնոցների, օծանելիքի և կահույքի արտադրությամբ: Այդ ընկերությունները կամ Արմանիի լիակատար սեփականությունն են, կամ էլ ենթարկվում են նրան: Պարզապես հիշեցնենք դրանցից մի քանիսի անունները` «Giorgio Armani» (դասական ոճի թանկարժեք հագուստ), «Emporio Armani» (երիտասարդական հագուստ), «Armani Junior», «Armani Jeans», «Armani Casa»: Վերջին շրջանում Արմանին ավելի մեծ ուշադրություն է հատկացնում աքսեսուարներին. դրանց մեջ հատկապես մասսայականություն են վայելում ակնոցների հավաքածուները: Արմանիի մոդելները նախատեսված են տարբեր տարիքի, սոցիալական խմբերի, տարբեր ֆինանսական հնարավորությունների տեր մարդկանց համար:
Ջորջիո Արմանիին հաջողվում է միշտ մի քայլ առաջ լինել մնացած դիզայներներից: Բարձր նորաձևության աշխարհում նա առաջիններից մեկն էր, որ բացեց սեփական գրախանութը (Armani book shop): Արդեն հինգ տարի է` Հռոմում գտնվող այդ գրախանութն իր այցելուներին առաջարկում է արվեստի, նորաձևության և լուսանկարչության պատմության մասին գրքեր: Վարպետն ամեն օր մի քանի ժամ է անցկացնում Միլանում գտնվող իր խանութում, շփվում է գնորդների հետ: Դա նրա կյանքի մի մասն է, ինչպես և բարեգործությունը, որով նա անընդհատ զբաղվում է, սակայն՝ առանց այդ մասին բարձրաձայնելու: Անցյալ տարի «Պավարոտտի և ընկերներ» հերթական համերգի ժամանակ հայտնի դարձավ, որ Ջորջիո Արմանիին շնորհվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչում` Աֆղանստանի փախստականներին օգնություն ցուցաբերելու կամպանիան կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ այդ կամպանիայի ամենահետաքրքիր ակցիաներից մեկն ավստրալացի դերասան և երաժիշտ Ռասել Քրոուի ու նրա խմբի` Ծննդյան տոներին նվիրված բարեգործական համերգն էր: Մի առիթով Արմանին խոստովանել է, որ ուտելիք պատրաստելն իր երկրորդ կիրքն է: Նա ողջ աշխարհով մեկ բացել է «Emporio Armani» անունով թվով 14 սրճարան, «Armani Bar» Հոնկոնգում և երկու ռեստորան` «Nobu» և «Prive»: «Nobu»-ն շքեղ ռեստորան է, որտեղ պահպանվել է պիցերիայի պարզությունը. պաշտոնական բացման ժամանակ լրագրողներին զարմացրել էր, որ սեղանների վրա սփռոց չկա: «Ես այս ռեստորանը բացել եմ, որ երիտասարդները գան ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնեն այստեղ»,- ասել է Արմանին: Իսկ մի քանի տարի առաջ բացված «Prive»-ը խանութի տակ գտնվող ակումբ է: Մինչ այդ Միլանում նման տեղ գոյություն չուներ, այդ պատճառով այստեղ հավաքվում են ամենատարբեր մարդիկ:
Աշխարհահռչակ դիզայները հայտնի է որպես Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու, նա Միլանի բասկետբոլի ակումբի նախագահն է: 2001թ. «Forbes» ամսագիրը նրան ճանաչել է ամենահաջողակ իտալացի դիզայները` նրա ունեցվածքը գնահատելով 1,7 մլրդ դոլար:
«3 Միլիոն»