ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն ուղղված է նրա քաղաքական գործունեությունը զսպելուն։ Այս կարծիքը դատարանի մոտ հավաքված լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Սերժ Սարգսյանի դեմ քրգործով առաջին դատական նիստը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ։
«Սա ուղղակի զավեշտ է, որին կոչում են քրեական գործ։ Մենք դատավարության ընթացքում ներկայացնելու ենք այս քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու ու փուչ լինելը»,–ասաց Մակինյանը։
Հարցին, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ է տեսնում Սարգսյանի դեմ հարուցված քրգործում, պաշտպանը պատասխանեց, որ քաղաքական ենթատեքստը մեղմ բնութագրում է։ Ըստ պաշտպանի` Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է։
Մակինյանը հայտնեց` Սերժ Սարգսյանը մեկ անգամ առերեսվել է իր դեմ վկայություն տվողի հետ։ Պաշտպանը անուն չտվեց, թե ում մասին է խոսքը, սակայն նշենք, որ մամուլը քանիցս հայտնել է, որ խոսքը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի մասին է, որն այսօր ներկա էր նիստին։
Հիշեցնենք` Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերել համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։
Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։