ՀՀ Արարատի մարզում խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս չի ստանա սոցիալական նպաստ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով, սակայն հակառակ կարգավիճակում գտնվող մի շարք ընտանիքներ ցուցակներից դուրս են մնացել: 2017-ից հետո՝ 2018 և 2019 թվականներին Արարատի մարզում սոցիալական նպաստ ստացող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից: «Փարոսի» շահառուների ցուցակներն ամբողջությամբ մաքրել ենք. դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց այդ ամենն իրենց անունով չէ: Մենք այս հարցով ստեղծել ենք հանձնաժողով, որի ներկայացուցիչները տնայցեր են կատարում, շրջում են համայնքներում, ինչի արդյունքում իրականում «Փարոսի» շահառու հանդիսացող անձինք միայն շահում են»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ չունենալով դրա կարիքը:
Արդյունքում մի շարք կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել փարոսակիրների ցուցակներից: Մարզպետը հայտնեց, որ ցուցակները մաքրելուց հետո 60 ընտանիքի տրամադրվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ:
Սարգսյանը նաև նշեց, որ երկու սոցաշխատակցի զգուշացում է արվել, քանի որ նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս: