Այսօր ԱԺ–ում հրավիրված «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը հայտնեց, որ ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրումից հետո Հայաստանում գրանցվել են բալերը վաճառելու դեպքեր, սակայն Ճանապարհային ոստիկանությունն ի զորու է բացահայտելու ու կանխելու նման առևտուրը, քանի որ տեսախցիկների նկարահանած խախտումների մեջ հստակ երևում է վարորդի դեմքը։
«Շատ զարգացած երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, բալ վաճառել հասկացությունը եղել է, բայց հենց Ֆրանսիայի փորձն ու իրենց բացթողումներն ուսումնասիրելով` մենք մեր օրենսդրական կարգավորումներում այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ հեշտ է նրանց հայտնաբերելը»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։
Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։