Նևադա նահանգում կայացած ընտրությունում (Caucus) համոզիչ հաղթանակ տանելուց հետո (46.8%) նախագահի թեկնածու սենատոր Բերնի Սարդերսն իր դիրքերն է ամրապնդում նաև ազգային հարցումներում տրամադրված տվյալներով: Վերջերս հրապարակված հարցումների արդյունքով դեմոկրատների առաջատար թեկնածուն Բերնի Սանդերսն է՝ 28%, երկրորդ տեղում է Էլիզաբեթ Ուորենը՝ 19%, նրան հաջորդում է Ջո Բայդենը՝ 17%: Վերջիններիս հաջորդում են Մայք Բլումբերգը՝ 13%, Փիթ Բութիջիջը՝ 10% և Էմի Կլոբուշարը՝ 5%:
Եթե նախկինում հարցումների արդյունքներով նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գրեթե միշտ առաջին հորիզոնականն էր զբաղեցնում, ապա այժմ՝ երեք նախնական ընտրությունների (Այովա, Նյու Հեմփշիր, Նևադա) արդյունքներից հետո այդ պատկերը փոխվեց։ Դեռ ամենավատ արդյունքը նա գրանցել է Նյու Հեմփշիրի ընտրություններում՝ զբաղեցնելով 5-րդ տեղը, որը պարտություն էր իր նախընտրական թիմի համար։ Ներկայիս տվյալներով (3 նահանգներում կայացած ընտրությունների արդյունքով) Ջո Բայդենին հաջողվել է ստանալ 15 պատվիրակ (ապահովելով 3-րդ հորիզոնականը), ընդ որում երբ Փիթ Բութիջիջն ունի 26, իսկ Բերնի Սանդերսը 45 պատվիրակ։
Ջո Բայդենը պայմանավորում է իր գրանցած արդյունքները այն հանգամանքով, որ աֆրոամերիկացիների ճնշող մեծամասնությունը դեռ չի քվեարկել, իսկ վերջիններիս շրջանում Բայդենն ունի լուրջ աջակցություն։ Այնուամենայնիվ, հենց աֆրոամերիկացիների աջակցությունը Բայդենի նկատմամբ նույնպես նվազում է․ մինչ Այովայի ընտրությունները և Նյու Հեմփշիրի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում Բայդենի այդ աջակցությունը նվազել է 12%-ով, մինչդեռ աֆրոամերիկացի ընտրողների շրջանում Բլումբերգի և Սանդերսի աջակցությունը ավելացել է յուրաքանչյուրինը 10%-ով:
Բացի այդ, Բայդենը չունի բավարար ֆինանսավորում իր համար կրիտիկական նշանակություն ունեցող նահանգներում մրցելու այնպիսի թեկնածուների հետ ինչպիսիք են Մայք Բլումբերգը և Թոմ Սթեյերը, ովքեր հարյուրավոր միլիոններ են ծախսում այդ նահանգներում գովազդների վրա։ Հատկանշական է, որ հենց այս երկու միլիարդատեր թեկնածուները մինչ 2020, հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի զեկույցով ծախսել են համապատասխանաբար $409 միլիոն և $252.8 միլիոն: Ծախսերի ցուցանիշով նրանց հաջորդում են Բերնի Սանդերսը՝ $115.7 միլիոն, Էլիզաբեթ Ուորենը՝ $89․7 միլոն և Փիթ Բութիջիջը՝ $74․8 միլիոն։ Որքան էլ զարմանալի լինի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն մյուս թեկնածուների, առավել քիչ գումար է կարողացել հավաքագրել` իր ծախսերի թվով՝ $68 միլիոն առաջ անցնելով միայն Էմի Կլոբուշարից՝ $31․3 միլիոն, և Թուլսի Գաբբարդից՝ $11.5 միլիոն։
Առաջիկա նախնական ընտրությունները տեղի կունենան Հարավային Կարոլինա նահանգում փետրվարի 29-ին, որի արդյունքներով այդ նահանգի 54 պատվիրակները կբաշխվեն թեկնածուների միջև։ Արդեն իսկ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 3-ին կկայանա «Մեծ երեքշաբթին» («Super Tuesday»), որի ժամանակ ԱՄՆ-ի թվով ամենաշատ նահանգներում կկայանան նախնական ընտրություններ։ Այսպիսով, ամեն ինչ դեռ առջևում է, և թեկնածուները հնարավորություն ունեն դեռ բարելավելու իրենց դիրքերը, քանզի դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար Դեմոկրատական ազգային համագումարում անհրաժեշտ է ստանալ պատվիրակների 3,979 ձայներից 1,991-ը։ Դեռևս 3,878 պատվիրակների ձայները բաշխված չեն և թեկնածուները հնարավորություն ունեն պայքարելու այդ ձայների համար։