ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019 թվականի մայիս ամսից մինչեւ տարեվերջ ստացել է 10 միլիոն 159 104 ՀՀ դրամ պարգեւավճար՝ մոտ 21 000 ԱՄՆ դոլար։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը, հայտնեցին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հակոբ Արշակյանի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 ՀՀ դրամ, որի հետ միասին 2019 թվականի մայիսից ամեն ամիս նա ստացել է նաեւ 1 269 888 ՀՀ դրամ պարգեւավճար։
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարներ Գեղամ Վարդանյանի եւ Արմեն Աբրոյանի ամսական աշխատավարձը կազմում է 562 190 ՀՀ դրամ։ 2019 թվականի մայիսից սկսած նրանք նույնպես յուրաքանչյուր ամիս ստացել են պարգեւավճար՝ 899 504 ՀՀ դրամի չափով։ 8 ամսում յուրաքանչյուրը ստացել է 7 միլիոն 196 032 ՀՀ դրամ պարգեւավճար՝ մոտ 15 000 ԱՄՆ դոլար։
2019 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ՀՀ պարգեւատրման ֆոնդը կազմել է 100 միլիոն 391 800 ՀՀ դրամ։ Նախարարությունից նշել են, որ պարգեւատրվել են բոլոր աշխատակիցները։
Նշվում է նաեւ, որ նախարարի եւ փոխնախարարի աշխատավարձի դրույքաչափը 2019 թվականին չի ավելացել, վերջիններս վարձատրվել են օրենքով սահմանված դրույքաչափով։
Հիշեցնենք, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եկամուտների մասին տեղեկությունները չեն կարող համարվել անձնական եւ գաղտնի պահվել, հետեւաբար ԶԼՄ-ների կողմից արված հարցումներին պետական մարմիններն օրենքով պարտավորված են տրամադրել մանրամասն տեղեկություններ։