Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն առանձնանցում է անվտանգության հետ կապված երեք հիմնական նկատառում։ Առաջինը զինվորների անզգուշությունն է, որոնք սոցիալական ցանցերում ազատորեն կարող են տեղադրել լուսանկարներ, որոնցում երևում է տեղանքը։ Զինվորականը կարող է տեղյակ չլինել և օրինակ, Ինստագրամում տեղադրել լուսանկարներ, որոնք կարող է տեսնել նաև հակառակորդը և իմանալ, թե տվյալ պատկերները որ հատվածներն են ընդգրկում, կամ որտեղ են այդ լուսանկարներն արված։
«Երկրորդ խնդիրը կապված է կոմունիկացիաների հետ։ Ըստ այդմ` մարդու հետ կարելի է հազար ու մի միջոցով, կեղծ անունով զրույցի բռնվել` ներկայանալով որպես բարեկամ։ Դիրքերում սմարթֆոն օգտագործելը նույնն է, թե ամեն ինչ բաց պատմել հակառակորդին, հետևաբար զինվորներին նախ պետք է բացատրել սմարթֆոններից եկող վտանգը»,– ասաց փորձագետը։
Մարտիրոսյանը ներկայացրեց նաև երրորդ կարևոր նկատառումը. հակառակորդը կարող է սմարթֆոնների դեմ հակերային հարձակում իրականացնել և հատուկ ծառայությունների միջոցով ամբողջ տեղեկությանը տիրապետել։ Սա, իհարկե, փաստ չէ, սակայն ամբողջ աշխարհում բավականին տարածված երևույթ է։ Այդ պարագայում հնարավոր է նաև գաղտնալսել շրջակա միջավայրը, գաղտնի պայմաններում լուսանկարներ կամ ձայնագրություններ անել, տեղանքի մասին տեղեկություններ փոխանցել։
Մարտիրոսյանն անդրադառնում է նաև ժողովրդի մեջ լայն տարածում գտած, այսպես կոչված, «ՊՆ Նոկիա» հեռախոսների գործածությանը, որոնց վերաբերյալ մարդիկ ասում են, թե դրանցում առանձնապես ոչինչ չկա, դրանք չունեն տեսախցիկ և անվտանգ են, սակայն իրականում այդպես չէ։
Ըստ փորձագետի`նշված հեռախոսներով առաջնագծից կատարված զանգերը հակառակորդն ամբողջությամբ կարող է գաղտնալսել, առավելևս, որ սահմանին երկուստեք տեղադրված են գաղտնալսման աշտարակներ, հետևաբար, զանգերը երկու կողմերին էլ հասանելի են։