«Aniarc.am կայքը մի ուշագրավ մեջբերում է անում, նկարագրելով այն իրավիճակը, որ ստեղծվել էր 1920 թ. դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում, երբ իշխանությունը բառացիորեն թուղթ ու գրիչով հանձնվեց հայ բոլշևիկներին: Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերով` 1920 թ. դեկտեմբերի 2-ը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել.
«Շատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը»,- գրում է իր հուշերում Սիմոն Վրացյանը:
Մեջբերենք նաև մեծն Գարեգին Նժդեհի հայտնի խոսքերը, որոնք, կարծում եմ, մեկնաբանության կարիք չունեն.
«Հիվանդ, դժբախտ իմ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր բոլոր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկությունը հուսալ միայն արտաքին ուժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հավատի և խանդավառության` երբ օտարը խոստումներ է կատարում, և նույնքան տարօրինակ հիասթափության և հուսալքումի` երբ նա դրժում է այդ խոստումները: Աղետալի մի ինքնաժխտում, որը մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտության մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք» («Բաց նամակներ հայ մտավորականությանը», 1926 թ.),- Facebook-յան իր էջում հրապարակած լուսանկարի հետ գրել է Ռուբեն Շուխյանը»: