Արցախում կորոնավիրուսի դեպքի հաստատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը:
Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե Արցախում կորոնավիրուսով դեպք է արձանագրվել՝ Իրանից փետրվարի 20-ից Արցախ մեկնած ամուսինների մոտ:
«Արմենպրես»-ի հետ Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը հաստատեց, որ Մարտունու շրջանում կորոնավիրուսի կասկածով երկու դեպք եղել է: «Իրանից գալուց հետո մշտական հսկողության տակ են գտնվել, հիմա նրանց ջերմությունը բարձրացել է, հետազոտության ենք ենթարկել և նմուշներն ուղարկել Երևան, որպեսզի ստանանք պատասխանները: Հնարավոր է, որ սովորական գրիպ լինի, պարզապես կասկած կա այնքանով, որ Իրանից են վերադարձել»,- ասաց Հարությունյանը: Ամուսիններն այժմ մեկուսացված են, իրենց լավ են զգում:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մինչ այս պահը կորոնավիրուսի որևէ նոր հաստատված դեպք չկա, իսկ օրվա թարմացումը կլինի երեկոյան: