Երեկ գիշերը, ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանները ներխուժել են Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն և տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել դռները, և, ըստ փաստաբանի, նաև կատարվել է հափշտակություն։ Ոստիկանները որևէ բացատրություն չեն ներկայացրել, թե ինչու են գիշերը 2-3-ի կողմերը ներխուժել Վարդանյանի բնակարան, որևէ խուզարկության թույլտվություն, որևէ փաստաթուղթ, որևէ ծանուցում չեն ներկայացրել, իրենց գործողություներն արել են՝ ամեն ինչ ավիրել են, մի քանի հոգու էլ բերման ենթարկել և հեռացել։ Ներխուժման ժամանակ վախեցել է նաև Վարդանյանի հնգամյա թոռնուհին, որը, ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, կորցրել է խոսելու ունակությունն ու տեղափոխվել հիվանդանոց։ Մենք այսօր այցելեցինք Արամ Վարդանյանի բնակարան և տեսանք՝ ինչ է կատարվել նրա տանը ոստիկանների ներխուժման հետևանքով։
Արամ Վարդանյանը, որն այդ պահին բնակարանում չի եղել, սակայն մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում, այսօր Hraparak.am-ի հետ զրույցում որոշ փակագծեր բացեց, թե ինչու է ոստիկանությունը նման գործողությունների դիմում։ Նա ասաց, որ իրեն գործարք են առաջարկել, որից ինքը հրժարվել է, ինչն էլ դրդել է ոստիկաններին նման կտրուկ քայլերի դիմել։
«Ես երկու ամիս երկրում չէի, երկու ամիս առաջ ես հարցազրույց եմ տվել՝ կապված ասֆալտին փռելու, ոստիկանապետի՝ հոգեխանգարմունքի մեջ գտնվելու մասին․․․ և դա կոնկրետ հարց էր դարձել ոստիկանապետի համար, որ չէր ստացվում իրենց մոտ մի բան։ Երկու ամիս անցել էր, դրանից, և ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ, արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, և՛ քո համար լավ կլինի, և՛ կոնկրետ մարդկանց համար՝ երևի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ, բայց էդ «իքս» անձնավորությունը լավ չէր ճանաչում ինձ, որովհետև էնքան մարդկանց հետ են գործարքների գնում, էնքան մարդ է գործակալ դարձել, որ երևի ինձ էլ են շփոթել նրանց հետ»,-ասաց Արամ Վարդանյանը։
Շարունակելով պատմությունը գործարքի առաջարկի մասին՝ Արամ Վարդանյանը հայտնեց, որ այդ խոսակցությունից հետո՝ Մարտի 1-ին, ինքը եկել է Հայաստան։
«Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի ես իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը, տուն ջարդելը, երեխային վնաս տալը և այլն, և այլն»,-ասաց նա։
Փորձեցինք հստակեցնել՝ գործարքի ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում։
«Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեին ասֆալտին, նկարեին։ Բայց ես խաբեցի իրենց ու չգնացի գործարքի»,-ասաց նա։
Հարցին՝ ինքը հիմա ի՞նչ կարգավիճակ ունի, արդյոք հետախուզում հայտարարվա՞ծ է իր նկատմամբ, Վարդանյանն ասաց․ «Ես չգիտեմ, ինձ ոչ մեկը ոչ մի ծանուծագիր չի ուղարկել, որ իմանամ՝ վկա եմ, կասկածյալ եմ, մեղադրյալ եմ, կոնկրետ բեսպրիդել են արել։ Մնում է՝ իմ փաստաբանները պարզեն։ Պարզելուց հետո ես ոչ խուսափելու բան ունեմ, ոչ էլ մի հանցանք ունեմ կատարած, ես որևէ մեկից փախչելու բան չունեմ, ով ինձ հրավիրի՝ դա լինի հարցաքննություն, թե ինչ, ես պատրաստ եմ գնալ հարցաքննության»։
Նա նաև այլ ուշագրավ բաներ ասաց՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, որը կներկայացնենք «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։