Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը դասարանի աշխույժ երեխաներից մեկն է, որը միշտ դասերը կատարած է դասի գնացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնօրենը` Հասմիկ Անդրիասյանը։
Երեկ` մարտի 5-ին, Գյումրիում դաժան ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից հետո ձերբակալվել է 28-ամյա մի տղա, որը, պարզվել է, կնոջ ընկերն է եղել։
«Աշխույժ երեխա է` խաղա, վազի, թռչկոտի։ Այնքան աշխույժ է, որ նույնիսկ դասերի ժամանակ դասղեկը նկատողություն է անում, թե մի քիչ խելոք նստիր։ Ավելին, նա նաև շատ շփվող է ու դասարանում մի շարք ընկերներ ունի։ Ճիշտ է, գերազանցիկ չէ, բայց ձգտում ունի և միշտ պատրաստված է գալիս դպրոց»,–ասաց տիկին Անդրիասյանը։
Նրա խոսքով` աղջկա պահվածքը երբեք մտածելու տեղիք չի տվել, որ տանը գուցե ինչ–որ խնդիրներ կան կամ էլ բռնության դեպքեր են եղել։ Անդրիասյանը նշեց, որ նրա ստեղծագործական աշխատանքներում էլ հոգեկան ապրումների հետ կապված որևէ ակնարկ չկա։ Նրա ընկերուհիներն էլ, որոնց հետ աղջնակը մտերիմ է, կրկին որևէ արտառոց բան չեն նկատել։
Տնօրենը նշում է` օրինակելի վարքով աղջնակը սովորական աշակերտ է. «Գրավորները` նորմալ, ձեռագիրը` սիրուն. պարտադիր դասի էր գալիս»։
Երեխան այժմ որևէ խնամակալ չունի. նրա հայրը երեք տարի առաջ է մահացել սրտի կաթվածից, իսկ ավագ եղբայրը հորաքույրներից մեկի հետ Ռուսաստանում է ապրում. եղբայրը չափահաս կդառնա սեպտեմբերին։ Մյուս հորաքույրը չի ցանկացել ստանձնել նրա խնամակալության գործը, իսկ մորեղբայրը Գերմանիայում է։ Անդրիասյանը նշեց` հավանաբար դպրոցի ուսուցիչներից մեկը կամ էլ հենց ինքը կստանձնի խնամակալությունը։
«Երեխայի առողջական վիճակի մասին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ենք տեղեկություն ստանում, որտեղ գիշերը տեղափոխել էին երեխային։ Մենք էլ գիշերը հիվանդանոցում էինք։ Հիմա Երևան են աղջնակին տեղափոխել, բայց մենք մեր հիվանդանոցի հետ ենք կապ հաստատում, իմանում` Երևանից ինչ լուր կա»,– ասաց նա։
Աղջկա մայրն, ի դեպ, ճաշարանում է աշխատել` սպասք էր լվանում։ Նա բոլոր ծնողական ժողովներին ներկա է եղել։
Sputnik Արմենիան զրուցել է նաև կնոջ հարևանների հետ, որոնք, սակայն, չցանկացան ներկայանալ։ Նրանցից մեկը հայտնեց, որ մայր ու աղջիկն ապրում էին ընտանիքի հորը պատկանող տանը։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am