Երկու տարի առաջ էլ Փաշինյանն էր բուկլետ «ճպպցնում» մարդկանց երեսին. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երկու տարի առաջ էլ Փաշինյանն էր բուկլետ «ճպպցնում» մարդկանց երեսին. hraparak.am

Մի ժողովրդական խոսք կա՝ ինչ ցանես, այն կհնձես։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մետրոյում իրականացրած քարոզարշավի ժամանակ փոքր միջադեպ գրանցվեց։ Երբ Փաշինյանը գնացքում շրջելով՝ մարդկանց «ՀՀ հպարտ քաղաքացու» անձնագրեր կամ քարոզչական բուկլետ էր բաժանում, մի աղջիկ Փաշինյանի աչքի առջև պատռեց բուկլետն ու շպրտեց նրա երեսին։ Աղջկա այս արարքը համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել, ոմանք նրան դատափետում են, թե անդաստիարակ պահվածք է ցուցաբերել, ոմանք էլ հպարտանում են նրանով, թե «էս ինչ դուխով աղջիկ էր»։ Ի դեպ, մենք գտանք նրա ֆեյսբուքյան էջը, պարզվեց՝ անունը Մաշա է, ինքն էլ` «Ոչ»-ի ակտիվ կողմնակից։

Բայց ուզում ենք հիշեցնել, որ աղջկա արածը այդքան էլ նոր կամ տարօրինակ երևույթ չէ։ Այն իր նախադեպն է ունեցել երկու տարի առաջ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ։ Երբ Փաշինյանը Գյումրիից սկսել էր քայլել դեպի Երևան, Սևան-Երևան մայրուղով անցնելիս նկատում է Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը։ Փաշինյանի ձեռքում այդ պահին ինչ-որ բուկլետներ կային, և նա դրանք արագ պատռում է ու շպրտում Սարգսյանի ավտոշարասյան վրա։ Ապա հպարտորեն հայտարարում․ «Չգիտեմ՝ ով էր անցնողը, բայց Սերժ Սարգսյանի խոսքերը ճպցրինք ճակատին»։ Եվ նրա հետ քայլող հեղափոխականները սկսում են հրճվել, սուլել, ձայներ արձակել։  Բնականաբար, նա գիտեր՝ ով էր անցնողը, ավտոշարասյունից ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն է, ու Նիկոլ Փաշինյանը դա իմանալով հանդերձ է այդ բուկլետները իբրև թե «ճպպցնում նրա ճակատին»։

Իհարկե, չենք ասում, թե պետք է արդարացնել կամ խրախուսել այդ աղջկա պահվածքը, բայց նաև պետք չէ շտապել քարկոծել այսօր նույն կերպ վարված, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերով բուկլետը Նիկոլ Փաշինյանի ճակատին «ճպպցրած» քաղաքացուն, որն այդպիսով իր վերաբերմունքն է արտահայտել Փաշինյանի նախաձեռնած հանրաքվեին։ Ի վերջո նա վարվել է ճիշտ այնպես, ինչպես վարվում էր Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ ուրիշների հանդեպ։ Ուստի, հարց է առաջանում՝ հիմա ո՞ւմ պահվածքն է ավելի անդաստիարակ։ Իսկ գուցե աղջնակը ինչ տեսել է մեծերից, այն էլ սովորե՞լ է։

hraparak.am



Նման նյութեր