Հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988թթ. Հայաստանի (ՍՀԿԿ) Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Սերոբի Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մանկության տարիներն անհոգ ու հետաքրքիր են անցել: Հայրը կադրային սպա էր, ռազմական օդաչու, և ընտանիքը հաճախ էր գնացքով քաղաքից-քաղաք տեղափոխվում, ճանապարհորդում, տեղից տեղ փոխադրվում: Դպրոց հաճախում է Ռոստովում, ուր և հաստատվում է ընտանիքը: Սկսվում է Հայրենական պատերազմը, և մանկության ծանր տարիները:
– Պատահել է, որ երկու ամիս շարունակ հագուստով ենք քնել, հակագազերը կողքներիս, քանի որ Ռոստովն ամեն վայրկյան կարող էին ռմբակոծել: Իմ մանկությունից մնացել է մի առանձնահատուկ հիշողություն. մեր տնից ոչ հեռու գերմանական մի ինքնաթիռ էր ընկել: Երեխաներով, ձեռքներումս մի-մի քար բռնած, վազեցինք դեպի այրվող ինքնաթիռը. որոշել էինք սպանել ֆաշիստ օդաչուին: Բնականաբար, դա չարեցինք, քանի որ օդաչուն այրվել էր ինքնաթիռում: Երբ մեծացա, հասկացա, թե որքան ուժեղ էր մեր մեջ ատելությունը, և ինչ սարսափելի բան էինք մտածել անել: Իմ մեջ առանձնակի ատելություն ձևավորվեց և՛ պատերազմի, և՛ մարդասպանության, և՛ որևէ տեսակի բռնության հանդեպ:
Տիկին Ռիմայի ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Երկար ժամանակ անօթևան էին, նյութապես ծանր դրության մեջ: Ընտանիքում չորս երեխա էին: Թեև մայրը տնային տնտեսուհի էր, սակայն հրաշալի գրականություն գիտեր, հատկապես հայ գրականություն և հայոց պատմություն: Տիկին Ռիման այն ժամանակ վատ էր տիրապետում հայերենին, սակայն նրա մայրը մշտապես երեխաների համար ընթերցում էր հայ գրականության մեծերի ստեղծագործությունները: Ձմռան ցուրտ երեկոներին նրանց էին միանում նաև հարևանների երեխաները, հավաքվում էին վառարանի շուրջ և լսում:
Տիկին Ռիման սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետում: «Մենք ռոմանտիկների սերունդ էինք՝ ամենևին չանտեսելով նյութականը, այնուամենայնիվ, ապրում էինք հոգևոր արժեքներով, իշխում էին սերը, ընկերությունը, ազնվությունը, հետաքրքրությունը գրականության և արվեստի հանդեպ»,- ասում է նա:
Ինստիտուտում սովորելու ընթացքում սկզբնական շրջանում տիկին Ռիման շատ դժգոհ էր մասնագիտության ընտրությունից և ցանկանում էր փոխել այն, տեղափոխվել ուրիշ բուհ: Ինչ-ինչ պատճառներով այդ գաղափարն անընդհատ հետաձգվում էր: Իսկ Կարեն Սերոբիչը երկրորդ կուրսում ընդունվել էր Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, ավագ եղբայրը՝ Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ընտանիքում հարց է դրվում՝ երկրից մեկնել կարող է միայն մեկը, մյուսը պետք է մնա ծնողների մոտ: Կարեն Սեոբիչը զիջում է ավագ եղբորը և մնում Երևանում: Այդպիսով, դեռևս միմյանց անծանոթ լինելով՝ երկուսն էլ մնում են նույն բուհում և … հանդիպում իրար: Ի վերուստ էր դա, թե պատահականություն, ոչ ոք չի կարող ասել: Նրանք ծանոթանում են, ընտանիք կազմում, երջանիկ ու հետաքրքիր տարիներ անցկացնում:
Այսօր քաղաքական գործիչների, երկրների ղեկավարների կանայք հասարակական, քաղաքական ակտիվ գործունեություն են ծավալում: Իսկ ինչո՞վ էին զբաղվում Սովետական շրջանի ղեկավարների կանայք:
– Սովետական շրջանում, թեև պաշտոնական արգելք չկար, սակայն ղեկավարների կանայք սովորաբար չէին զբաղվում հասարակական աշխատանքներով, ընդունված չէր: Ես պոլիտեխնիկական ինստիտուտում դասախոսական աշխատանքին զուգընթաց՝ նաև ինստիտուտի կանանց խորհրդի նախագահն էի և այդ ընթացքում շատ օգտակար գործեր եմ արել ինստիտուտի համար: Օրինակ, իմ նախաձեռնությամբ լեզուների ուսուցման և դաստիարակության նորագույն մեթոդներով մանկապարտեզ ստեղծվեց, որը մինչ այժմ էլ հանրապետությունում երևի լավագույնն է: Բայց այդ բոլորն անում էի առանց հասարակական հնչեղություն տալու, առանց ուշադրություն գրավելու: Բացման օրը մամուլի և հեռուստատեսության ներկայացուցիչների էլ չհրավիրեցինք, քանի որ այն ժամանակ դա կարող էր դիտվել որպես ամուսնու դիրքի չարաշահում: Այսօր քաղաքական գործիչների կանայք ավելի ազատ են, համարձակ են իրենց գործունեության մեջ, ինչը ողջունելի է: Բոլոր դեպքերում որքան բարձր է ամուսնու պաշտոնը, այնքան կինը պետք է ավելի մեծ պատասխանատվության զգացում ունենա:
Իհարկե, իմ կարծիքով՝ բոլոր ժամանակներում կնոջ գլխավոր դերը եղել է, կա և միշտ կմնա առողջ ընտանիք ստեղծելը և պահպանելը: Այսօր, սակայն, կնոջ այդ կարևոր պարտականությունը կարծես հետին պլան է մղվել: Անշուշտ, երկրի կառավարման գործընթացի վրա կնոջ ներուժի կիրառումը դրական ազդեցություն ունի: Սակայն կինն անհավասար մրցակցության մեջ է տղամարդու հետ: Թեև օրեցօր ավելանում են գենդերային՝ կանանց իրավունքների հարցերի շուրջ քննարկումները, սակայն կնոջ ճանապարհը դեռ լի է խոչընդոտներով: Կենցաղը, առօրեական հոգսերը, ծանր սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորություն չեն տալիս կնոջ ունակությունների լիարժեք դրսևորմանը, ինքնահաստատմանը: Բացի այդ, հայ տղամարդը, որքան էլ փորձում է ժամանակակից երևալ, այնուամենայնիվ, կանանց հարցում պահպանողական է, պատրաստ չէ կնոջը տեսնել հասարակական-քաղաքական դաշտում որպես հավասար գործընկեր: Կանանց սովոր են տեսնել ավանդական մասնագիտությունների բնագավառներում՝ մանկավարժություն, առողջապահություն: Այս պարագայում, անշուշտ, հայ կինը պետության անմիջական օժանդակության կարիք ունի:
Ըստ Ռիմա Դեմիրճյանի՝ յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր բնագավառում, ինչպես նաև ընտանիքում անհրաժեշտություն է դիվանագիտությունը. «Նույնիսկ նույն ընտանիքի անդամները իրարից տարբերվում են բնավորություններով, հայացքներով, իրենց դրսևորումներով, ձգտումներով: Այդ բոլորի կարգավորողը, ներդաշնակողը տան կինն է, մայրն է: Սակայն ընտանիքի համար ամենաարդյունավետ դիվանագիտությունը փոխադարձ անկեղծությունը և իրար հասկանալն է»,– ասում է նա:
Կարեն Դեմիրճյանն իր 65-ամյակի օրն ասել է. «Երջանիկ է այն մարդը, ով աշխատանքից հետո շտապում է տուն, քանի որ վստահ է՝ իրեն սիրում և սպասում են»: Կարեն Դեմիրճյանն իր և իր ընտանիքի մասին էր խոսում: Տանը նրան սպասում էին կյանքի լավագույն ընկերը` Ռիմա Դեմիրճյանը, որդիները, հետո նաև՝ թոռնիկները:
– Ինչպիսի՞ն էր Կարեն Դեմիրճյանն ընտանիքում:
Ռիմա Դեմիրճյանը՝ ավագ որդու՝ Սամվելի հետ:
– Կարենը զարմանալիորեն կարողանում էր տանը բոլորի հետ, փոքրից մինչև մեծ, որպես հավասարը հավասարի հետ հաղորդակցվել: Շատ անմիջական, լավ տրամադրությամբ, կատակասեր և ուշադիր էր բոլորի նկատմամբ: Մենք էլ մեր հերթին, աշխատում էինք կռահել և կատարել նրա բոլոր ցանկությունները, թեև պահանջկոտ չէր: Նա շատ էր աշխատում, սակայն այն ամբողջ ժամանակը, որ մնում էր աշխատանքից հետո, ընտանիքինն էր: Գուցե զարմանալի կթվա, բայց, կարելի է ասել, որ երջանիկ էի, երբ 56 տարեկանում Կարենը հեռացավ քաղաքական գործչի պաշտոնից, քանի որ դա այն հազվագյուտ ժամանակն էր, երբ նա ամբողջովին մերն էր: Ասում են, որ հակառակ բևեռները միմյանց ձգում են, սակայն մենք երջանիկ էինք նաև հենց նրանով, որ չափազանց նման էինք մեր հակումներով, հետաքրքրություններով: Մենք ունեինք մեր սիրած երաժշտությունը, ներկայացումները, ֆիլմերը, գրքերը: Մի ժամանակ մեր տարաձայնությունների պատճառը հնդկական ֆիլմերն էին, որոնք նա հաճախ էր դիտում: Մի անգամ չդիմացա և հարցրեցի. «Կարեն, քո թանկագին ժամանակը ինչո՞ւ ես վատնում այդ ֆիլմերի վրա, երբ առաջին իսկ կադրերից պարզ է, թե ինչով են վերջանալու»: Նա պատասխանեց. «Ես հաճույքի համար չեմ նայում, չնայած դա էլ կա: Ինձ համար հետաքրքիր է՝ ինչպես են հնդիկները կարողանում ժամանակակից աշխարհում, երբ բոլոր էկրանները հեղեղված են ամերիկյան մասսայական կինոարտադրանքով, հետևողականորեն և համառորեն ներկայացնել, նույնիսկ պարտադրել իրենց ազգային արժեքները, կյանքի փիլիսոփայությունը: Դա շատ կարևոր է: Չէ՞ որ այդ արժեքները՝ սեր, բարություն, գթասրտություն, կարեկցանք, հավատարմություն, համամարդկային բարձր արժեքներ են»: Նա ինձ համոզեց:
– Ո՞րն էր Կարեն Դեմիրճյանի ամենասիրելի ճաշատեսակը:
– Թփով տոլման: Ես, ինչպես յուրաքանչյուր հայ կին, սիրում եմ պատրաստել: Շատ հաճախ տարբեր ճաշատեսակներ ինքս էի հորինում: Ասում են` համով ձեռք ունեմ: Կարենն էլ էր հավանում և անմիջապես տարբերում էր իմ պատրաստածը ուրիշների պատրաստածից: Բայցև մինչև վերջ նա մնաց այն կարծիքին, որ աշխարհում ամենահամեղ թփով տոլման պատրաստում էր իր մայրը՝ վանեցի Լուսիկը: Ընտանիքում մենք ամենահամեղ կերակուրը միշտ պահում էինք երեկոյի համար, որպեսզի Կարենի հետ միասին ճաշակեինք: Ճաշասեղանի շուրջ նա ուներ իր մշտական տեղը, որը նրանից բացի երբեք ոչ ոք չէր զբաղեցնում: Միասին զբոսնում էինք ուշ ժամերին: Իսկ երբ պառկում էր անկողնում, բոլորս հավաքվում էինք նրա շուրջը և երկար զրուցում տարբեր թեմաներից:
Կարեն Դեմիրճյանը չափազանց խելացի և հմայիչ տղամարդ էր, մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում էր: Մի առիթով իրենց փոխհարաբերությունների, նաև՝ իսկ սիրո անբաժան ընկեր խանդի մասին խոսելիս ասել է. «Այո, Կարենը միշտ ուշադրության կենտրոնում էր: Խանդն էլ, իմ կարծիքով, բնական զգացում է, սակայն դրսևորվելու համար առիթ պետք է լինի: Կարենը այդ առիթը չէր տալիս: Նա չափազանց ազնիվ ու մաքուր անձնավորություն էր, երկակի կյանքով չէր ապրում: Մեր մեջ փոխադարձ վստահությունը այնքան մեծ էր, որ խանդը մեր հարաբերություններում էական դեր չի ունեցել: Ասում են, եթե կինը ամուսնուն չի սիրում, ապա երջանիկ լինել չի կարող, իսկ եթե սիրում է, ապա հանգիստ լինել չի կարող: Կարող եմ ասել, որ իմ բախտը բերել է, և՛ երջանիկ եմ եղել, և՛ հանգիստ»:
Ստեփան Դեմիրճյանը՝ տիկնոջ և դուստրերի հետ:
Ռիմա Դեմիրճյանը՝ հարսի հետ:
1998թ. Կարեն Դեմիրճյանը կրկին վերադարձավ մեծ քաղաքականություն: Այդքան երկար ընդմիջումից հետո ժողովուրդը կանգնեց նրա կողքին, վստահեց նրան և նրա իմաստնությանը: 1999թ. հոկտեմբերի 27-ին, սակայն, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ արյունալի ոճրագործությունը, որը հզոր հարված հասցրեց երկրին, և Դեմիրճյանների ընտանիքին: Այժմ վերհիշելով այդ դաժան օրերը, Ռիմա Դեմիրճյանն ասում է. «Ինձ համար այդ հարվածն անհաղթահարելի էր թվում, սակայն ընտանիքս, որբացած երեխաներս ինձ էին նայում: Հասկացա, որ ինքս իմ սգի մեջ ամփոփվելու իրավունք չունեմ: Բացի այդ, առաջին իսկ օրերից զգացի ողջ ժողովրդի աջակցությունն ու կարեկցանքը: Ես տեսա ժողովրդի ալեկոծվող վիշտը, և այդ վշտի ծովում իմ ցավը մի կաթիլ էր: Այդ համաժողովրդական ցավն ինձ պարտադրեց և օգնեց դիմակայել այս ամբողջ տարիների ընթացքում: Մինչև հիմա էլ զգում եմ ժողովրդի այդ վերաբերմունքը: Կա նաև մի այլ հանգամանք, որը օգնում է ինձ ապրել, դա Կարենի հիշատակն է: «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի և Կարեն Դեմիրճյանի թանգարանի հետ համատեղ ջանքերով երկու հատորով հրատարակեցինք ժամանակակիցների հուշերը, և այլ գրքեր՝ Կարեն Դեմիրճյանի մասին՝ «Կաթիլներ մեծ ծովից» վերնագրով, երկու հատորով: Եվ այդ գործը շարունակում եմ: Շուտով կհրատարակվեն Կարեն Դեմիրճյանի աշխատանքային օրագրերը»: Անցյալ տարի Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծ պետական գործիչը, նրա ավագ որդին՝ Ստեփան Դեմիրճյանն ասել է. «Կարեն Դեմիրճյանի հիշատակը պետք է հարգել գործով` Հայաստանը կառուցելով, ժողովրդական երկիր դարձնելով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրեն իսկապես զգա այս երկրի լիիրավ անդամը»: Խոսելով Կարեն Դեմիրճյանի հատկանիշների մասին՝ Ս. Դեմիրճյանն ասել է. «Նրա խոստապահանջությունը զուգորդվում էր բարությամբ: Որքան խստապահանջ էր, այնքան էլ ներողամիտ էր: Ես շատ բան եմ սովորել նրանից, և առաջինը` լինել պատասխանատու և արժանապատիվ»:
«Անընդհատ զարմանում եմ ու ինքս ինձ հարցնում` ինչպե՞ս կարողացա այս տարիներն ապրել առանց Կարենի: Պատասխանը մեկն է` երեխաների համար, նաև իր համար: Նա էլ ինձ կմեղադրեր, եթե այլ կերպ ինձ պահեի: Ես իրավունք չեմ ունեցել իմ ցավով ապրել, պարտավոր եմ նաև երեխաների մասին մտածել»,-ասում է Ռիմա Դեմիրճյանը, ով ունի երեք թոռնուհի:
– Հիանալի թոռնիկներ ունեմ: Գեղեցիկ, լավ սովորող, մարդկային բարձր հատկանիշներով ժամանակակից երեխաներ են, բայց միևնույն ժամանակ՝ ընտանեկան ավանդույթները ընդունող և հարգող: Ավագ թոռնուհիս՝ Լուսինեն, սովորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետի 5-րդ կուրսում: Աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ և գիտելիքներով: Երկրորդը՝ Կարինեն, Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է, նույնպես աչքի է ընկնում գերազանց առաջադիմությամբ: Փոքրիկ Վիկտորյան մեր բոլորի սիրելին է, նա ծնվեց պապիկի զոհվելուց հետո, երբ մեր ընտանիքի համար ծանր ժամանակներ էին: Նրանք հաճախ են ինձ հետ խորհրդակցում: Բոլորին սիրում եմ հավասարաչափ, չնայած ամենից շատ մոտ եմ Լուսինեի հետ: Երբ նա ծնվեց, հարսս շատ երիտասարդ էր, իսկ ես լի էի ուժով և եռանդով: Այդ իսկ պատճառով ավելի շատ ժամանակ եմ տրամադրել նրան, ինչը մեծապես նպաստել է մեր կապվածությանը: Ցանկանում եմ, որ թոռներս կյանքում կայանան, գեղեցիկ և ամուր ընտանիք կազմեն, լինեն երջանիկ, ապրեն խաղաղ երկրում: Տղաներս առողջ և հաջողակ լինեն, հասնեն իրենց նպատակներին: Ցանկանում եմ, որ հայ կինը ավելի երջանիկ լինի, ազատվի հոգսերից և երեխաներին դաստիարակի խաղաղ, ապահով պայմաններում: Եվ ամենակարևորը՝ Հայաստանը մի ջերմ, ձգող, հարազատ օջախ լինի բոլոր հայերի համար:
«3 Միլիոն»
9 Հուլիս, 2009