Հայկական ռոբոտի հաղթանակն ու հերթական «ԱրմՀայԹեքը»․ տեխշաբաթվա ամփոփում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական ռոբոտի հաղթանակն ու հերթական «ԱրմՀայԹեքը»․ տեխշաբաթվա ամփոփում

Փետրվարի վերջին շաբաթը բավականին հագեցած էր հայկական ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում։ 168.am-ն ամփոփել է ամենակարևոր իրադարձությունները։

Տեխնոլոգիական շաբաթ՝ Գորիսում

Tech Week-ը մեկշաբաթյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում:

Մեկ Տեխնոլոգիական շաբաթում կանցկացվեն

• JS day՝ Tech Events Armenia-ի կողմից
• Software Testing and not only՝ ArmSTQB – Armenian Software Testing Qualifications՝ Board-ի կողմից
• HackFest՝ ArmSec Foundation-ի կողմից
• Crowdfunding Conf՝ The Crowdfunding Formula-ի կողմից
• Seaside Conf՝ Seaside Startup Summit-ի կողմից
• Invest Conf` smartgate.vc-ի կողմից
• Կլոր սեղան քննարկումներ

Շաբաթվա ընթացքում կիրականացվեն նաև.

– նոր Արմաթ աշխատանոցների բացում Գորիսի հարակից գյուղերում,
– «ՋիՋի»-ն հասանելի կդառնա Գորիսում,
– «Ինստիգեյթ Մոբայլ»-ը Կապանում կհիմնի ինժեներական թիմ:

Ամենահայտնի հայկական ՏՏ ընկերություններն ու դեմքերը կհանդիպեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ քննարկելու հայ տեխնոլոգիական մտքի նոր հորիզոնները։

Միջոցառումների շարքը հարթակ կլինի ՏՏ համայնքի միջև կապերի հաստատման և Հայաստանի մարզերի հզորացման համար։

Tech Week-ը կազմակերպվում է gg և Instigate ընկերությունների կողմից։

Տեխնոլոգիական շաբաթը տեղի կունենա ապրիլի 13-19-ը։

Հայկական ռոբոտը՝ Product Hunt-ի առաջատար

Փետրվարի 25-ին հայկական Ռոբին ռոբոտը ճանաչվել է լավագույն նախագիծ Product Hunt հարթակում։ Ռոբինն առաջատարն էր քվեարկության արդյունքում։

Ռոբոտը ստեղծվել է Expper Technologies ընկերության կողմից և արդեն թեստավորում է անցել Wigmore կլինիկայում։

Ռոբինն ընկերական ռոբոտ է, որն արտահայտում է հույզերը և երեխաների հետ կառուցում է ինտերակտիվ երկխոսություններ: Նրանց ներգրավելով խաղերում և մանկական խոսակցություններում՝ Ռոբինը նվազեցնում է նրանց միայնության զգացումը և մեղմացնում է նրանց սթրեսը հիվանդանոցում գտնվելու ընթացքում:

Հայկական ընկերությունները՝ AI & Big data EXPO-ում

Հայկական ընկերությունները հնարավորություն են ստացել մասնակցելու AI & Big data EXPO-ին, որը տեղի կունենա մարտի 17-18-ը Լոնդոնում։

Մասնակից ընկերությունները որոշվելու են լրացված հայտադիմումների հիման վրա։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է չափորոշիչներ, որով կատարվելու է ընտրությունը։

Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն «Armenia» միասնական տաղավարով։

Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնել իրացման ու գործակցության շուկաները:

Հայաստանում կանցկացվի «ԱրմՀայԹեք 2020»-ը

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 26-28-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։

Միջոցառման ընթացքում տեղի կունենա գործարար համաժողով, շնորհանդեսներ, ինչպես նաև բիզնես հանդիպումներ:

Ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքում ավելի քան 20 երկրների ռազմարդյունաբերական և պաշտպանական տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող 100-ից ավելի միջազգային ընկերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի վառ ներկայացուցիչների: Այն հարթակ է ստեղծում նոր համագործակցությունների, փորձի փոխանակման, արտադրանքի ներկայացման և նոր շուկաների բացման համար:

Ցուցահանդեսի գերակա ուղղություններն են կառավարման համակարգերը, կապի և հաղորդակցության միջոցները, զորքերի ավտոմատ կառավարման համակարգերը, անօդաչու թռչող սարքերը և թռչող համակարգերը, լազերային տեխնոլոգիաները և այլ արդի թեմաներ:

Սիրարփի Աղաբաբյան