մարտի 9-ին «Ռոստելեկոմ»-ը ազդարարեց բոլորի կողմից շատ սիրված՝ «Азбука Интернета» նախագծի նոր փուլի մեկնարկը։
Նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նախագծի մանրամասները, ձևավորվեցին խմբեր, ինչպես նաև մասնակիցները ծանոթացան կամավոր-դասընթացավարների հետ։
«Азбука Интернета» նախագիծը Հայաստանում իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ։ Նախագծի գործընկերներն են «Այբ» դպրոցը, որի կամավոր-աշակերտները աջակցում են մասնակիցներին՝ ձեռք բերելու տարատեսակ համակարգչային հմտություններ, և Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, որտեղ գտնվող ՍՄԱՐԹ կենտրոնի՝ տեխնիկապես հագեցած լսարաններում էլ անցկացվում են դասընթացները։
«Արդեն 5-րդ տարին է՝ անցկացնում ենք «Азбука Интернета» նախագիծը Հայաստանում, և յուրաքանչյուր տարվա արդյունքներն ու բնակչության ակտիվ մասնակցությունը փաստում են, որ նախագիծն իրոք անհրաժեշտություն է։ Ուրախալի է, որ «Азбука Интернета» նախագիծը կապող «կամուրջ» է դառնում սերունդների միջև, և երկու կողմերն էլ կարողանում են հնարավորինս շատ գիտելիքներ և փորձ փոխանցել միմյանց», —նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հանդիպմանը հրավիրված էին նաև նախորդ տարվա «Азбука Интернета» նախագծի մասնակիցները, ովքեր կիսվեցին նախագծի վերաբերյալ իրենց տպավորություններով և փորձով՝ ոգևորելով և մեծ եռանդ փոխանցելով նորեկներին։