Հակառակորդի կրակոցներից զոհված 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Փոքր Վեդի համայնքի ղեկավարը` Նորիկ Մարտիրոսյանը։ Զոհված զինծառայողը Փոքր Վեդիի բնակիչ է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը զոհվել է մոտավորապես 15:30-ին հայ–ադրբեջանական սահմանին։
«Զոհրաբը նոր–նոր էր պայմանագրային զինծառայող դարձել։ Մի ամիս էլ չկա։ Մինչ այդ նա զինվորներին է զորամասեր տեղափոխել, իսկ օրերս էլ առաջին անգամ դիրքեր բարձրացել… Նա երկու փոքր աղջիկ ունի` 2 և 4 տարեկան»,– ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` Զոհրաբը մինչ պայմանագրային զինծառայող դառնալը հողագործությամբ է զբաղվել, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել։ Հիմա էլ որոշել էր կանոնավոր աշխատանքի անցնել հայրենիքում։
Զոհրաբ Սիանոսյանն ապրում էր մեծ ընտանիքում` կնոջ, երկու երեխաների, ծնողների, ինչպես նաև եղբոր ու եղբոր կնոջ, նրանց երկու անչափահաս երեխաների հետ։
«Աշխատող, ապրող ընտանիք է։ Կինը ջերմոցում է աշխատում, իսկ եղբայրը Ռուսաստանում էր` արտագնա աշխատանքի։ Գիտեմ, որ վարկեր ունեն, և երկու եղբայր տքնաջան աշխատում էին դրանք փակելու ու ընտանիքը պահելու համար»,–ասաց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ զինծառայողը վնասվածքը ստացել էր կրծքավանդակի շրջանում։