yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 184.693.263 ՀՀ դրամ (շուրջ 385.000 $), որը ամսական կազմում է շուրջ 18.300 $:
Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 95 հաստիք:
Հիշեցնենք՝ այս հիմնարկը ավելի քան մեկ տարի է, ինչ սուրճի և վճարումների ապարատների տեղադրման համար մրցույթի հայտարարման և հարցի ամբողջական կարգավորման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը չի կարողանում կատարել, ինչի առիթով ս/թ մարտի 5-ին Ն. Բաբայանն արժանացավ վարչապետի խիստ նկատողությանը: Նույնկերպ՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» շքեղ հյուրանոցը պետգույքի կառավարման կոմիտեն չկարողացավ վաճառել, արդյունքում՝ այն դարձրին կարանտինի վայր։
Այսինքն՝ այս պետական կազմակերպությունը չի կարողացել ո՛չ մանր, ո՛չ մեծ հարցերում գրանցել հաջողություններ, ստացել է նկատողություններ և փոխարենը պարգևատրվել խոշոր թվերով։
Ենթադրելի է, որ ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեին այսկերպ ճոխ պարգևատրել են՝ հիմնարկի ղեկավար Նարեկ Բաբայանի՝ մանր ու մեծ հարցեր լուծելու անկարողությունը բացահայելու համար։