Որ «այո» եք ասում, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց գոնե գիտե՞ք, թե ինչին եք «այո» ասում։ Թե՞ արդեն կարևոր չէ, կարևորը մարդկանց խաբելով, մանիպուլացնելով, հարկադրելով ընտրատեղամաս տանելն ու ցանկալի քանակի «այո» հավաքելն է . . .
Իսկ եթե հետո պարզվի, որ մեր միամիտ և դյուրահավատ քաղաքացիներին խաբեությամբ ներքաշել եք պետական մասշտաբի հանցագործության մեջ, ո՞վ է պատասխան տալու, նորից ՀՀ քաղաքացի՞ն։
Եթե այդքան համոզված էիք, որ ամեն ինչ օրինական է և դուք ճիշտ եք, ինչու՞ այս փոփոխությունը չարեցիք Ազգային ժողովի ձեր խմբակցության միջոցով, ինչու՞ նախնական նախագծի տակ դրված չէին ԱԺ «իմ քայլը» խմբակցության արտոնյալ պատգամավորների ստորագրությունները, ինչու՞ նախագիծը ետ կանչեցիք և համալրված ստորագրություններով հարցը դրեցիք հանրաքվեի, ինչու՞ ԱԺ իրավաբան պատգամավորները հրաժարվեցին նախագիծը ԱԺ-ում ներկայացնել, և այդ «պատիվը» վերապահվեց թերուս և կիսագրագետ «մահապարտին»։
Թե՞ հասկացաք, որ հանցագործություն եք անում, իշխանություն եք զավթում, լիազորությունների եք տիրանում, և որոշեցիք այս անօրինականությունն իրագործել ՀՀ ազնիվ և օրինապաշտ քաղաքացիների ձեռքերով, որ հետո նախաքննական մարմնին ասեք, «մենք ոչինչ չենք արել, ժողովուրդն է արել» և ամբողջ պատասխատվությունը բարդեք ձեզ սիրող, վստահող և հավատացող մեր քաղաքացիների վրա։
Ձեր կյանքում գոնե մեկ անգամ ազնիվ եղեք, ճիշտն ասեք . . .
Հ.Գ. Պետք է հիասթափեցնեմ ձեզ, տղաներ և աղջիկներ, չի ստացվելու։ Իրավական պետությունը չի քանդվելու, իսկ ժողովրդավարությունը այլընտրանք չունի Հայաստանում։
Քաղաքագետ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից: