Մխոյանի հետ կրկին լսեցինք Արսեն Թորոսյանի ուղիղ եթերը և հասկացանք, որ հարցեր ավելի շատ առաջացան։ Ստորև՝ հարցերը։ Հուսով եմ, որ անպատասխան չեն մնա, առավել ևս, որ վերաբերում են նաև Հայաստանի ղեկավարության անվտանգությանը։ Ակնկալում եմ կոնկրետ պատասխաններ։
* * *
Նիկոլ Փաշինյանը հայտնել է Իտալիայից ժամանած 3 անձի մոտ նոր կորոնավիրուսը հայտնաբերելու մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ որ օրերին են ժամանել և երբ են մեկուսացվել կորոնավիրուսի առկայության կասկածով։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջից ուղիղ եթերի ժամանակ նույնպես չի նշում որևէ կոնկրետ օր, ամսաթիվ, ինչպես նաև չի ասում, թե քանի օր է անցել այդ մարդկանց՝ Հայաստան ժամանումից մինչև իրենց մոտ կորոնավիրուսի հայտնաբերում։
ՀԱՐՑ 1. Կոնկրետ ո՞ր օրերին են ժամանել Հայաստան ՀՀ երկու և Իտալիայի մեկ քաղաքացիները։
ՀԱՐՑ 2. Արդյոք նո՞ւյն չվերթներով են ժամանել, թե տարբեր։
ՀԱՐՑ 3. Կոնկրետ ո՞ր օրերին է իրենց մոտ կորոնավիրուս հայտնաբերվել։
ՀԱՐՑ 4. Հայաստանի կոնկրետ ո՞ր բնակավայրերում են գտնվել այդ անձինք ժամանելուց մինչև մեկուսացվելը։
Արսեն Թորոսյանը պնդում է, որ այդ մարդիկ ժամանման պահից եղել են հսկողության տակ։
ՀԱՐՑ 5. Ի՞նչ է նշանակում եղել են հսկողության տակ։ Արդյոք իշխանության ներկայացուցիչներն տեղյակ են նշված ժամանակամիջոցում այդ մարդկանց բոլոր տեղաշարժերից և շփումներից։
Արսեն Թորոսյանն ասում է, որ այդ մարդիկ «ժամանման ժամանակ չեն ունեցել գանգատներ, գանգատները հետո են առաջացել»։ Սակայն վայրկյաններ անց պնդում է. «երկուսը պրակտիկորեն իրենց առողջ են զգում, ոչ մի գանգատ չունեն»:
ՀԱՐՑ 6. Ի վերջո գանգատ ունեցե՞լ են, թե չեն ունեցել։ Եթե ոչ մի գանգատ չեն ունեցել, ապա ինչպե՞ս են բժիշկներն իմացել, որ հենց այդ 3 հոգուն է պետք թեստավորել։
Թորոսյանը հայտնում է. «Այս անձանց հետ շփված, ուղիղ կոնտակտ ունեցող մարդկանց մեկուսացումով ենք հիմա զբաղվում, դրանք շատ չեն»։
ՀԱՐՑ 7. Կոնկրետ քանի՞ հոգու մեկուսացման մասին է խոսքը և Հայաստանի ո՞ր բնակավայրերից են այդ մարդիկ։ Ինչպե՞ս են նրանք մեկուսացվելու. տեղափոխվելու են ինչ-որ տեղ, թե մնալու են իրենց տներում։ Եթե վերջինը, ապա ինչպե՞ս է վերահսկվելու իրենց մեկուսացումը։
ՀԱՐՑ 8. Իտալիաներից ժամանողներին չեն մեկուսացրել ինչ-ինչ պատճառներով, բայց ինչո՞ւ հրահանգավորում չեն անում և չեն վերցնում ստորագրություն հրահանգները չկատարելու դեպքում պատասխանատվության մասին։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ Իտալիայից ժամանած մարդը հանգիստ շփվում է լրագրողների հետ, կամ ժամանելու հաջորդ օրը բազմաթիվ մարդկանց է հանդիպում։
Խոսելով առաջին վարակվածի մասին՝ Թորոսյանն ասում է. «լավ է զգում, որևէ գանգատ չունի, ինչպես նաև մեկուսացված 31 քաղաքացիները նույնպես որևէ գանգատ չունեն այս ընթացքում և ամենայն հավանականությամբ 2 օրից թեստավորվելուց և տեստերը բացասական լինելուց հետո․ ես հույս ունեմ, որ էդպես կլինի»։
ՀԱՐՑ 9. Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին հայտարարվել է մարտի մեկին՝ 11 օր առաջ։ Վերոնշյալ 31 քաղաքացիներին նո՞ր պիտի թեստավորեն։
Այսօր ՀՀ ղեկավարությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների շրջում են Հայաստանի մարզերով, բաց և փակ տարածություններում սերտ շփում ունենալով օրական հարյուրավոր մարդկանց հետ, իրենց բուկլետներ փոխանցում։
Միաժամանակ արդեն հայտնի են բազմաթիվ դեպքեր թե՛ հարևան Իրանում, թե եվրոպական երկրներում բարձրաստիճան պաշտոնյաների վարակման և նույնիսկ մահվան՝ պատգամավորներից մինչև նախարարներ և նույնիսկ զինված ուժերի ղեկավարներ։ Օրինակ՝ նոր կորոնավիրուսով են վարակված Իտալիայի գլխավոր շտաբի պետ Սալվատորե Ֆարինան, Լեհաստանի բարձրաստիճան զինվորական գեներալ Յարոսլավ Միկան և այլն։
ՀԱՐՑ 10. Ինչպե՞ս է ապահովվում Նիկոլ Փաշինյանի, իրեն ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաների և այլ սպասարկող անձնակազմի անվտանգությունը էպիդեմիոլոգիական տեսակետից։ Ինչպե՞ս է հնարավոր ապահովել այդ անվտանգությունը օրական հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց հետ սերտ կոնտակտների պայմաններում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: