– Փակեք դպրոցներն ու բոլոր ուսհաստատությունները, կազմակերպեք օնլայն ուսուցում, եթե դրա կարիքը կա, տեղափոխեք ուսումը ամառվա սկզբին։
– Մի կարծեք, թե բոլորը խուճապասեր են, իսկ դուք ոչ (եթե դուք չեք հիշում, ես լավ եմ հիշում, թե ինչ էին 90ականների սկզբները)։
– Եթե անգամ վարակի տարածումը դառնա օրը 10-15 մարդ, ապա Երեւանի հիվանդանոցները այս ծանրաբեռնվածությանը չեն դիմանալու, հո մյուս ոչ վիրուսակիր հիվանդներին տուն չեք ճամփելու։ Կամ էլ հո չեք պարտադրելու բժիշկներին սելեկտիվ մոտենալ բուժմանը, ում կարելի է բուժել, բուժեք, ով անհույս է՝ ոչ։
– Իրականացրեք միայն բեռնափոխադրումներ այլ երկրներից, մնացած ամեն ինչ ժամանակավոր դադարեցրեք։ Ընտրական տուրիզմը թողեք ավելի լավ ժամանակների համար։
– Թող ձեզ մեղադրեն չափից շատ զգուշավորության համար, քան հակառակը։ Հակառակն ավելի ծանր է լինելու, ու ոչ մեկի ներողությունը կամ բացատրությունն արդեն գրոշի արժեք չեն ունենալու։ Մենք՝ երկրի բնակչությունը հաստատ չենք մեղադրելու չափից շատ հենց հիմա զգուշավորության համար։
– Տարածված է այստեղ, թե դեռ ոչ, ամենօրյա ռեժիմով իրականացրեք ախտահանման միջոցառումներ հասարակական տրանսպորտում, այլ վայրերում, եթե իհարկե դրա համար անհրաժեշտ միջոցների բավարար քանակ կա երկրում։
– Սա այն դեպքն է, երբ պետք է կոնսոլիդացնել բոլորին, անկախ քաղաքական ու այլ տարաձայնություններից։Բոլորի մեջտեղում բոլորի երեխաների, բոլորի տարեցների, վերջապես բոլորի ֆիզիկական անվտանգության հարցն է։ Ու սա բոլորն են հասկանալու, անխտիր։ Հաստատ։
– Նորից եմ հորդորում, անցեք կառավարման արտակարգ ռեժիմի՝ իրականացնելով դրանից բխող համալիր քայլեր։
Միայն ձեռքեր լվանալով հո չէ, տեր Աստված։
Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից: