Մարտի 15-ին` կիրակի օրը, Իտալիայից Հայաստան ևս մեկ չվերթ է սպասվում։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի դռնփակ նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ վերադարձող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:
«Չվերթը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ` նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան, ու կկայացնենք որոշումներ»,– ասել է նա։
Ավինյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու պահել կարանտինային գոտում, քանի որ դա ֆիզիկապես էլ անհնար է: Իսկ տնային մեկուսացման մեջ գտնվողների համար Ավինյանն առաջարկել է դիտարկել որոշակի պատասխանատվություն` տնային մեկուսացման մեջ գտնվողների փաստացի մեկուսացման արդյունավետությունն ապահովելու համար:
Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ առողջապահության ու արդարադատության նախարարություններին հանձնարարվել է տարբերակներ առաջարկել տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին վարակի տնտեսական ազդեցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:
Փոխվարչապետը նաև հանձնարարել է պետական բոլոր գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:
Երեկ` մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան). նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչուհի է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշադրեքի արարողությունների։
Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։