Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առողջապահության նախարարը հավելել է, որ դեղորայքի և բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաև դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են: Միաժամանակ, նշվել է, որ քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դա անելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ և նա, ով շփվում է հիվանդի հետ:
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այսօր կհետազոտվեն դեռևս մարտի 1-ին մեկուսացված մեր հայրենակիցները և մեծ է հավանականությունը, որ արդյունքները կլինեն բացասական, այսինքն` նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվի:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները և հետագա քայլերը: Որոշում է կայացվել մինչև մարտի 23-ը դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, և բուհերի գործունեությունը: «Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է և պատասխանատվությունը: Վարչապետը հորդորել է քաղաքացիներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել սոցցանցերում շրջանառվող չստուգված և կեղծ լուրերին:
Առաջիկա անելիքների համատեքստում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին հետագա անելիքների վերաբերյալ: