Հայաստանում օրական արտադրվում է 6-7 տոննա ալկոգել, սակայն դրանք խոշոր դեղատնային ցանցերում շուտ սպառվում են: Այս մասին Կորոնավիրուսի տարածումը կանխող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա նշեց՝ թեև չեն կարող ասել, թե սպառումը որքան է, սակայն իրենց հաշվարկներով արտադրվող քանակը բավականացնում է: Նաև պահեստավորված խմբաքանակ կա: Նրա խոսքով՝ դեղատներում ալկոգելի գնային փոփոխություն չկա:
Գևորգյանը կարծում է, որ այս պահին Հայաստանում ախտահանող նյութերի դեֆիցիտ չկա: «Խնդիրը նրանում է եղել, որ արտադրողները չէին կարող պատկերացնել, որ այդ ծավալի պահանջարկ կլինի: Սակայն շատ կարճ ժամկետում կարողացան արտադրական ծավալի մեջ փոփոխություն անել: Եվ այսօր 3 տնտեսավարող սուբյեկտ կարողանում է այդ ծավալի արտադրել»,-ասաց նա ու նշեց՝ ալկոգելի արտադրության գլխավոր հումքը ևս արտադրվում է Հայաստանում:
Աշխարհում կորոնավիրուսի ռիսկի ի հայտ գալուց ի վեր ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում դեղատներում բժշկական դիմակների պակաս նկատվեց, որոշներում առհասարակ բացակայում էին, որոշներում վաճառվում սահմանափակ թվով և շատ ավելի բարձր գնով: ՏՄՊՊՀ-ն տնտեսավարողներին հորդորել էր անհարկի թանկացումներից խուսափել: Այս պահին շատ դեղատներում ալկոգել ևս չկա: