«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակը արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ: Այս մասին հայտնեցին «Հայաստան« համահայկական հիմնադրամից:
Փետրվարի 28-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, իսկ ներկայիս դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 6 դեպք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։ Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հայաստանում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար:
«Ուրախ ենք Առողջապահության նախարարության հետ մեր հերթական արդյունավետ համագործակցության համար: ԱՄՆ–ում արևմտյան շրջանի մեր տեղական մարմնի ջանքերի շնորհիվ՝ սեղմ ժամանակահատվածում կարողացանք ապահովել անհրաժեշտ պարագաների մուտքը Հայաստան», նշում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Նշենք որ հիմնադրամը բազում առողջապահական ծրագրեր է իրականացնում: Ամեն տարի ԱՄՆ–ից բժշկական առաքելություն է այցելում Հայաստան և Արցախ իրականացնելու բազում վիրահատություններ, խորհրդատվություն, ինչպես նաև արդի սարքավորումներով և դեղորայքով են զինվում տեղական բուժկենտրոնները:
Հիմնադրամի կայքում առցանց գործում է նաև «Առողջ Հայաստան» դրամահավաք արշավի հարթակը, որի շրջանակներում նախատեսվում է բարձրորակ բժշկական ծառայություններ տրամադրել Հայաստանի հեռավոր համայնքներին՝ խթանելով գյուղական բժշկությունը:
ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։