Արտաշես Ասատրյանի էջից.
Երեկ, վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց կորոնավիրուսի հետ կապված նոր զարգացումների մասին։ Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13֊ի։ Շեշտեց, որ վարակվածների մեծ մասն Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են։ Նշեց, որ նոր մանրամասներ է իմացել Իտալիայից ժամանած հայրենակցուհու հետ կապված, թե նրան հաշվառելուց հետո` նրանց տուն են այցելել մասնագետներ, բժիշկներ, զանգել են մի քանի անգամ, ասել են, որ գան ջերմաչափեն, սակայն ինքն ու իր ամուսինը հավաստիացրել են, որ ոչ մի բողոք չունեն` առողջության հետ կապված։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնիսկ կիսակոնֆլիկտային իրավիճակ է եղել և համեմատություն անցկացրեց Իրանից ժամանած հայրենակցի ու Իտալիայից ժամանածի միջև` նշելով, որ Իրանից ժամանած հայրենակցի ջերմությունը մի թեթև բարձրանալուն պես` դիմել է բժշկի, իսկ Իտալիայից ժամանած մեր հայրենակիցն ակնհայտ ջերմության տակ դեղեր խմելով` գնացել է հարազատի նշանդրեքին մասնակցելու։
Վարչապետը մեղադրեց Իտալիայից եկած մեր հայրենակցուհուն, որ նրան են դիմել մոնիտորինգի առողջապահության նախարարության աշխատակիցները և նա ուղղակի թաքցրել է այդ դեպքը։ Նաև նշեց, որ եթե այդ դեպքը չլիներ` 13 դեպքից կունենային 6֊ը։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը մեղադրեց այդ կնոջը` հիվանդությունը թաքցնելու, որպես դրա հետևանք մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելու մեջ։
Ճանաչելով այդ կնոջ հարազատներից ոմանց, որոնց անունները հարգելի պատճառով չեմ նշում, փորձեցի կապ հաստատել նրանց հետ և հասկանալ, թե վերջի վերջո ինչ է տեղի ունեցել։ Ինձ պատմեցին, որ փետրվարի 15֊ին մեր հայրենակցուհին իր ամուսնու հետ միասին գնացել է Իտալիա, ապա փետրվարի 29֊ին վերադարձել Հայաստան։ Ինչպես Իտալիայի, այնպես էլ Հայաստանի օդանավակայաններում` երկուսի ջերմությունը չափել են և նրանք ունեցել են 36.5 տաքություն, որը սովորական մարմնի ջերմաստիճանն է։ Ըստ իմ աղբյուրի, այդ տեղեկությունները փաստաթղթավորվել է հաշվառման ժամանակ։ Հաշվառումից հետո, քանզի նրանք որևէ գանգատներ չեն ունեցել և իրենց էլ մեկուսացնելու առաջարկ չի արվել` գնացել են տուն։
Քանի որ ներկա պահին` մեր հայրենակցուհին և իր ամուսինը մեկուսացված են, ինձ չհաջողվեց ճշտել իսկությունը, թե արդյո՞ք իրենց զանգել առաջարկել են ջերմաչափել, կամ եղե՞լ են կիսակոնֆլիկտային իրավիճակներ: Սակայն ինձ հավաստիացրեցին, որ մինչև մարտի 9֊ի ուշ գիշեր` առողջության հետ կապված որևէ տեսակի գանգատներ չեն ունեցել, որը հնարավոր է թաքցնեին և չդիմեին բժշկի։
Ընդհակառակը, մարտի 8֊ին մեր հայրենակցուհու որդու նշանադրության արարողությանը, որտեղ ընդհանուր առմամբ մասնակցել են 30 հոգի, ռեստորանի տեսախցիկները պետք է որ արձանագրած լինեին, թե ինչպես է այդ կինը երգում, պարում, ուրախանում իր որդու նշանադրությանը։ Այն, ինչ վարչապետը նշում է, որ նա ակնհայտ ջերմության տակ դեղեր է խմել և մասնակցել որդու նշանադրության արարողությանը։ Սակայն ռեստորանի տեսախցիկները և ներկա գտնված անձինք կփաստեն, որ որևէ տեսակի առողջական խնդիրներ չի նկատվել մեր հայրենակցուհու մոտ։
Նշանադրության հաջորդ օրը` մարտի 9֊ի ուշ գիշերին, մեր հայրենակցուհին սկսել է իրեն վատ զգալ և վաղ առավոտյան այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ նրան ստուգելուց հետո խորհուրդ են տվել գնալ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որը արել է և մեկուսացվել այնտեղ։
Ըստ իմ աղբյուրի տեղեկության, փաստացի պարզ է դառնում, որ մեր հայրենակցուհին և իր ամուսինը Հայաստան ժամանելուն պես` ստուգվել են և իրենց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, այլ մարմնի ստանդարտ չափի ջերմություն են ունեցել և, քանի որ նրանց չեն առաջարկել մեկուսացնել` գնացել են տուն։ Եթե նույնիսկ, նախքան բժշկական կենտրոն դիմելը նրանց զանգել, առաջարկել են առողջապահական ծառայություններ մատուցել` դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ վատ են իրենց զգացել, կամ ախտանշաններ են նկատել ու թաքցրել։
Վարչապետի այն պնդումը, որ մեր հայրենակցուհին ակնհայտ ջերմության մեջ դեղեր ընդունելով գնացել է հարազատի նշանդրեքին մասնակցելու` չի համապատասխանում իրականությանը։ Դա կփաստեն արարողությանը ներկա գտնված մասնակիցները, ինչպես նաև ռեստորանի տեսախցիկները, որ որևէ մեկը չի նկատել այդ «ակնհայտ» ջերմությունը և ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր նման ջերմության պայմաններում` այդպիսի ակտիվությամբ մասնակցել որդու նշանադրության արարողությանը։ Մեր հայրենակցուհին սկսել է վատ զգալ իրեն նշանդրեքից մեկ օր անց և այդ ժամանակ օպերատիվ կերպով դիմել է բժշկական կենտրոն, ինչպես որ պահանջվում է յուրաքանչյուրիցս։
Եթե այս տեղեկությունները լիովին հավաստի են, որում ես կասկած չունեմ, ապա Նիկոլ Փաշինյանն անամոթաբար քավության նոխազ է դարձրել մեր հայրենակցուհուն, որի վրա է ցանկանում կոտրած լինել` իր ոչ կոմպետենտ, անադեկվատ աշխատանքների հետևանքները, որոնք թույլ է տվել իր իշխանությունը` կապված կորոնավիրուսի տարածման հետ։
Երկրի վարչապետին հարիր չէ նման կերպ վերաբերվել իր հայրենակցին, այն էլ այն դեպքում, երբ հայրենակցուհին և իր ամուսինն իրենցից հասանելիք ամենն արել են, որպեսզի հնարավոր վարակակիր լինելու դեպքում` չտարածվի այն։
Հ.Գ. «Կարմիր զոնա» կարանտին հայտարարված պետությունից ժամանած, ըստ նախնական ստուգման արդյունքների առողջական խնդիրներ չունեցող, հետո ախտանշանները զգացած և բժշկական կենտրոն դիմած քաղաքացուն մեղադրել` հիվանդությունը գիտակցաբար թաքցնելու, մարդկանց մահաբեր վիրուսով վարակելու մեջ` երկրի ղեկավարի համար առնվազն ամոթալի է և մարդկային բանականությունից դուրս։